Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն, ինչը ես պետք է ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում և Հայաստանի, և Արցախի հետագա ճակատագրի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց դիմելով բողոքի ացիա իրականացնող արցախցիներին ասաց Արցախի Հանրապետոթյան նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մենք բոլորս էլ շատ դժվար, ծայրահեղ ծանր վիճակում ենք, եւ այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրցնում մեր վիճակը: Ես այստեղ թշնամիներ չունեմ, մեր թշնամին մեկն է եւ բոլորս դա գիտենք: Մենք ունենք եւս մեկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը եւ մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք: Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել եւ քննարկել այն, ինչում ինձ մեղադրում եք, կամ ինչ հարցեր դուք ուզում եք քննարկել»,-ասաց Արցախի նախագահը, առաջարկելով հանդիպել հաջորդ շաբաթ։ Սակայն դա առաջացրեց ներկաների դժգոհությունը։ Ներկաներից մեկն ասաց. «Դուրս չեկաք ու հեռուստացույցով չասացիք՝ բենզինի պահեստի պայթյունից այսքան մարդ է մահացել, ցավակցում եմ, այսքան զոհ ենք տվել, ցավակցում եմ»։ «Խնդրում եմ ընտրեք ձեր միջից 20-30 հոգի մարդ, դահլիճում հանգիստ զրույց ունենաք»,- որպես տարբերակ առաջարկեց Արցախի նախագահը։ Երկրորդ տարբերակը հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կազմակերպելն է։
Սակայն իրավիճակը չհանդարտվեց, հավաքվածները թույլ չտվեցին Արցախի նախագահին ավարտել խոսքը, նրանք բորբոքված տարբեր հարցադրումներ են անում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված էր։ Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, որի համաձայն հոկտեմբերի 1-ից մի շարք քաղաքացիական ծառայողներ ազատվել են աշխատանքից, ընդ որում նրանք դեռ չեն ստացել իրենց աշխատավարձերը։
Բավ է պառակտվել