Բավ է պառակտվել
17-05-2016 13:06

Շարմազանով. «Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը ընդունեցին Երևանի առաջարկը»

Սարգսյան–Ալիև հանդիպման ժամանակ պաշտոնական Բաքվի առաջարկներից որևէ մեկը չի ընդունվել։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները, հայտնեց Էդուարդ Շարմազանովը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմն ու հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել։ «Հանրապետության նախագահը ապրիլին նշեց, որ 1994 —1995թթ.-ի զինադադարը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա մենք պետք է շարունակենք բանակցությունները։ Այսինքն` նոր զինադադարի պայմանագրի կնքումն անթույլատրելի է, որովհետև կա 1994թ.-ին կնքված պայմանագիրը: Միասնական հայտարարության մեջ հստակ արձանագրվեց, որ 1994թ.-ի զինադադարը գործում է, և միակ փաստաթուղթն է, այսինքն` հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Երբ Լավրովը, Քերին և Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում են, հայտարարություն են տարածում, որ գործում է այդ զինադադարը, դա գործում է անուղղակիորեն»,- ասաց Շարմազանովը։ Փոխխոսնակի խոսքով` այդ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, և առանց ԼՂՀ-ի՝ որևէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը, և 1994թ.-ի զինադադարի տրամաբանությունը պետք է շարունակվի: Ադրբեջանը տանուլ տվեց, որովհետև նրա նպատակն էր չեղյալ հայտարարել 1994թ.-ի զինադադարը: «Տարիներ շարունակ հայկական կողմերը` թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն նշել են, որ մենք միայն կողմ ենք շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղադրմանը, ինչը կնպաստի վստահության ամրապնդմանը: Ադրբեջանը դեմ էր։ Նրանք ասում էին` հողերից դուրս եկեք, և մենք կտեղադրենք։ Տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանն իր նպատակին չհասավ»,- ասաց Շարմազանովը: Նրա խոսքով` Ադրբեջանի նպատակն էր զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ պարտադրել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից, սակայն Ադրբեջանի նպատակը չիրականացավ։ «Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ընդունվեցին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները»,- նշեց Շարմազանովը: Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։