Բավ է պառակտվել
30-07-2015 14:47

Փոխարտգործնախարարը հորդորում է Ադրբեջանին «խելքը գլուխը հավաքի»

Իրականում հայկական կողմի նպատակը միշտ եղել է սպառազինության բալանսի պահպանումը, ինչը և արվում է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մասին, որով մեղադրում են Հայաստանին սպառազինության մրցավածքի մեջ՝ նկատի ունենալով Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլար վարկի դիմաց զենք վաճառելու փաստը: Պատասխանելով հարցին, թե կարծիք կա, որ սա բիզնես ծրագիր է, որից հետո Ադրբեջանը կարող է գնել ավելի մեծ գումարի չափով զենք, նա պատասխանեց, թե Ադրբեջանը միշտ էլ կարող է ցանկացած շուկայում գնել զենք. «Ադրբեջանի համար այդ հնարավորությունը գալիս է օդից, այսինքն կարող են գնել գետնի տակից դուրս ընկնող նավթադոլարներով: Ադրբեջանն ավելի խելամիտ ձև չի գտել, քան մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, որն անհեռանկարային է: Վերջիվերջո, այսօրվա հարաբերակցությունը շատ ավելի բարենպաստ է ի տարբերություն 1990-ականների սկզբների, այն ժամանակ, երբ Ադրբեջանն ամեն անգամ փորձում էր հարձակում ձեռնարկել և կրում նորանոր պարտություններ: Այդ տեսակետից, Ադրբեջանը պետք է «խելքը գլուխը հավաքի»»: Շ. Քոչարյանի կարծիքով, հակամարտության, լարվածության պահպանումն անհրաժեշտ է Ալիևի ռեժիմին միայն մեկ բանի համար՝ Ադրբեջանի ժողովրդի մոտ ստեղծել պատկեր, ըստ որի՝ կա արտաքին թշնամի, և դրանով իսկ իշխանություններին քննադատողներին հայտարարել Հայաստանի գործակալ, նրանց նկատմամբ վարել դատական գործընթացներ: