Բավ է պառակտվել
11-08-2021 22:06

Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը Արցախում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմաններին իրավիճակի հանգուցալուծման համար․ Շոյգու

Ռուսաստանը կշարունակի գործադրել առավելագույն ջանքերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը:

Իր հերթին, Կարապետյանը, Շոյգուի խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Նա շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով Արցախում խաղաղ կյանքը վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի հետ։

Կարապետյանը նաև շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը (Արցախի ուղղությամբ - խմբ.):

Ըստ մամլո հաղորդագրության, Մոսկվայում պաշտպանության նախարարների մակարդակով հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, ի լրումն պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության օրակարգային հարցերի, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանգուցալուծման, Արցախում հրադադարի ռեժիմի խախտման անթույլատրելիության, բարձրացվել է նաև հայ ռազմագերիների (Ադրբեջանում պահվող) շուտափույթ կարգավորման հարցը: