Բավ է պառակտվել
16-02-2022 15:20

Շվեդիան հրաժարվել է անդամակցել ՆԱՏՕ-ին

Շվեդիայի կառավարությունը հրաժարվել է անդամակցել ՆԱՏՕ-ին, միաժամանակ, Ստոկհոլմը կհամատեղի իր չեզոքությունը զինված ուժերի մարտունակության բարձրացման և պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության խորացման հետ։ РБК-ի փոխանցմամբ՝ դա բխում է 2022 թվականի արտաքին քաղաքական հռչակագրից, որը ստորագրել է արտգործնախարար Էնն Լինդը, փաստաթուղթը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում։

«Կառավարությունը մտադիր չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Անվտանգության քաղաքականության գիծն անփոփոխ է. Մեր չեզոքությունը ծառայում է մեր բարօրությանը և խթանում է կայունությունն ու անվտանգությունը Հյուսիսային Եվրոպայում: Մենք դա համատեղում ենք պաշտպանական քաղաքականության հետ, որը հենվում է երկու սյուների վրա՝ ազգային ներուժի ամրապնդում և պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում»,- խորհրդարանում փաստաթղթի ներկայացման ժամանակ ասել է արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը։

Լինդեն պարզաբանել է, որ մինչ օրս Շվեդիան ավելի քան 20 պաշտպանական համագործակցության համաձայնագիր է կնքել, այդ թվում՝ հյուսիսային և բալթյան հարևանների հետ։ «Շվեդիայի վրա զինված հարձակումը չի կարելի բացառել։ Ուստի մենք պետք է հնարավորություն ունենանք տրամադրել և ստանալ աջակցություն՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ՛ ռազմական», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, թագավորության սահմաններին անվտանգության իրավիճակը շարունակում է լուրջ մնալ, և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները «սպառնում են եվրոպական անվտանգության կարգի բուն էությանը»: «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը էական նշանակություն ունի ամբողջ Եվրոպայի անվտանգության համար։ Ուկրաինան, ինչպես Շվեդիան, իրավունք ունի ինքնուրույն ընտրել անվտանգության քաղաքականությունը»,- ասել է նա։

Հունվարի սկզբին, Ուկրաինայի արևելքում շարունակվող էսկալացիայի ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասաց, որ Միացյալ Նահանգները պատրաստ են քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը, եթե նրանք դա ցանկանան: Ավելի ուշ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել էր, որ դաշինքը շատ արագ կքննարկեր Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները։ Այդ երկրները համապատասխանում են բոլոր չափանիշներին, նշել էր նա։

Դրանից հետո Շվեդիայի պետքարտուղար Կարին Վալենսթենը հայտարարեց, որ ներկա իրավիճակում երկիրը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց ցանկանում է լինել դաշինքի «լավ, ուժեղ գործընկերը»։Ավելի վաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի բացակայության մասին խոսել էր նաև Լինդեն։ Նա նշել էր, որ հարևան Ֆինլանդիան նույնպես նման մտադրություն չունի։

Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ և վարում է ռազմական չմիավորման քաղաքականություն։ Այնուամենայնիվ, թագավորությունը դաշինքի հետ համագործակցում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Եվրատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում։ Բացի այդ, դաշինքի և թագավորության միջև մշակվել է անհատական ​​գործընկերային համագործակցության ծրագիր։

Որպես ՆԱՏՕ-ի գործընկեր՝ Շվեդիան մասնակցել է դաշինքի առաքելություններին Աֆղանստանում, Կոսովոյում և Իրաքում։ Բացի այդ, Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին Շվեդիան ակտիվացրել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Բալթիկ ծովի անվտանգության ոլորտում։