Դամասկոսը կարող է շուտով ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանությունն։ Այս մասին երեքշաբթի օրը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հարթակում ասել է լրագրողներին Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։
Նախարարն ընդգծել է, որ Սիրիան երկարատև հարաբերություններ ունի Դոնեցկի և Լուգանսկի հետ և ցանկանում է խորացնել հարաբերությունները նրանց հետ։ Ճշտող հարցին, թե որքան շուտ Սիրիան կարող է պաշտոնապես ճանաչել հանրապետությունների ինքնիշխանությունը, Միքդադը պատասխանել է. «Հնարավորինս շուտ»։
Միկդադը պատմական կարևոր իրադարձություն է անվանել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը և նշել, որ Սիրիան աջակցում է վերջինիս։
«Ես կցանկանայի ասել, որ, իրոք, շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում աշխարհում հենց հիմա: Երեկ պարոն Պուտինը հայտարարություն արեց, որն իսկապես նշանակալի իրադարձություն է պատմության մեջ, և դուք գիտեք, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը լիովին աջակցում է նախագահ Պուտինի արված հայտարարությանը», - ասել է նա երեքշաբթի «Վալդայ» քննարկման ակումբի Մերձարևելյան 11-րդ համաժողովում:
Միքդադը համոզված է, որ արևմտյան երկրների քաղաքականությանը միայն այս կերպ կարելի է պատասխանել։ «Արևմտյան երկրներն աջակցում են ահաբեկչությանը, կիրառում են ուժի քաղաքականություն որտեղ ուզում են, իսկ որոշ դեպքերում ուժի քաղաքականության փոխարեն օգտագործում են այսպես կոչված փափուկ ուժն աշխարհում իրավիճակը փոխելու համար՝ ի շահ իրենց գերիշխանության և ժողովուրդների նկատմամբ տիրապետության» - շարունակել է նա։
Միաժամանակ, Սիրիայի արտգործնախարարը նշել է, որ հանրապետությունն իր հմաերաշխությունն է հայտնում Ռուսաստանի կողմից ճանաչված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ և պատրաստ է համագործակցել նրանց հետ։ «Մենք հայտնում ենք մեր լիակատար համերաշխությունը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ։ Մենք հավատում ենք, որ ներկայիս պայմանները կնպաստեն մեր համագործակցության խորացմանը, քանի որ դա համագործակցություն է հանուն մարդու,- հավելել է նա։ - Ռուսաստանի և Սիրիայի համագործակցությունը խորը համագործակցություն է, տևական, և մենք կշարունակենք կամ կսկսենք համագործակցությունը նոր պետությունների հետ՝ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար»։
Նրա խոսքով, հակառակ Արևմուտքի հայտարարություններին, Ռուսաստանի ղեկավարի երեկվա հայտարարությունը ամրապնդում է խաղաղությունն ու անվտանգությունը։ «Երեկ նախագահ Պուտինը հայտարարություն արեց, Արևմուտքը հայտարարեց, որ նա խախտում է խաղաղությունը, իրականում սա խաղաղությունն ամրապնդող հայտարարություն է, քանի որ այն հակադրվում է Արևմուտքի կողմից տարվող կործանարար քաղաքականությանը», - ասել է Միքդադը։
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրեր։ Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը դրանք ներկայացվել են Պետդումայի վավերացմանը։ Ակնկալվում է, որ երեքշաբթի հարցը կքննարկվի և՛ ստորին պալատում, և՛ Դաշնային խորհրդում։