Բավ է պառակտվել
16-08-2022 18:37

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում շարունակում է լարված մնալ․ Պապիկյանը՝ Շոյգուի հետ հանդիպմանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռուսաստանցի իր գործընկերոջ հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացրել է իրավիճակը սահմանին։
Ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները, Պապիկյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, զրուցակիցները կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման համար քայլերի անհրաժեշտությունը` շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:
Ռազմավարական գործընկեր հանդիսացող երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Պապիկյանն ու Շոյգուն գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ: