Բավ է պառակտվել
06-05-2022 11:09

Իրավիճակն Արցախում, հայ գերիների վերադարձն Ադրբեջանից և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում․ Միրզոյանի հանդիպումը Մենեդեսի հետ

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև կոմիտեի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։
Կողմերը գոհունակությամբ են նշել հայ-ամերիկյան երեսունամյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական ոլորտի զարգացմանը ԱՄՆ կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ կատարել այցի ընթացքում ձեռք բերված այմանավորվածությունների նշանակությանը։
Հանդիպման ընթացքում Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բոբ Մենենդեսին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման գործում ավանդի համար, ինչը կարևոր նշանակություն ունի արդարության և մարդասիրության արժեքների գերակայության ապահովման, և հետագա ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից։

ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։

Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները։

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին է փոխանցել Բարեկամության շքանշանը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։