Բավ է պառակտվել
22-08-2022 11:42

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա․ Հայաստանում ՌԴ դեսպան

Ի պատասխան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի գրություններին, Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։

Թովմասյանը նամակ էր հղել ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչություն, գործընկերների ուշադրությունը հրավիրելով Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնելու գործընթացին։ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ուղղված գրության մեջ նա ներկայացրել է առկա դժվարություններն, ինչպես նաև Արցախի ԱԺ իր գործընկեր պատգամավորների մտավախությունը, որմարդկային, տեխնիկական և տրանսպորտային ռեսուրսները բավարար չեն տարհանման գործընթացի՝ ժամանակին իրականացման համար։ Թովմասյանը խնդրել է օժանդակել նշված բնակավայրերի հանձնման ժամկետի երկարաձգման հարցում։

Պատասխան նամակում ՌԴ դեսպանությունից հայտնել են, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։

Թովմասյանը հիշեցրել է, որ ՌԴ դեսպանության մատնանշած 6-րդ կետի համաձայն՝ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։

ՌԴ դեսպանությունից հավելել են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ։

«Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական և ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ՝ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ և այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին և 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի և ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Ս․Վ․ Լավրովը և Ս․Կ․ Շոյգուն։ Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարևոր և գործուն գործիք»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ Ղարաբաղի կապը նոր երթուղով կազմակերպել։

Լաչինի միջանցքի տարածքում գտնվող Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները տեղեկացվել են, որ օգոստոսի 25-ից հետո ռուս խաղաղապահներ այդ տարածքում չեն լինելու, ուստի նրանք պետք է մոտակա օրերին լքեն տները: