Բավ է պառակտվել
25-01-2022 19:12

Հայաստանի նախկին նախագահի շուրջ սկանդալը թափ է հավաքում

Հայաստանի գլխավոր դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ Արմեն Սարգսյանը մինչ նախագահ դառնալն այլ երկրի քաղաքացի է եղել։

«Հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա»,- ասել է Հանրային հեռուստաընկերությանը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քաղաքացիության մասին բացահայտում

Երկուշաբթի Hetq.am-ը «Արմեն Սարգսյանի ստի բուրգը փլվեց. Նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերնագրով հոդված էր հրապարակել։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ Արմեն Սարգսյանը Հանրապետության նախագահ ընտրվելու պահին Հայաստանի քաղաքացի չի եղել, այլ ունեցել է Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն։

Հրապարակման մեջ նշվում էր նաև, որ նախագահը խոստովանել է, որ ներդրումներ է արել և մասնաբաժին ունեցել այդ երկրի հյուրանոցներից մեկում, որը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թվականին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան դառնալը։ Ըստ հրապարակման՝ Սարգսյանն ասել է, որ չգիտի իրեն քաղաքացիություն շնորհելու մասին և նշել, որ «իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։

Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է անձնագիրը վերադարձնել պետությանն, իսկ 2017 թվականին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ անձնագիրը չի վերադարձվել։ Այսպիսով, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը նա սկսել է 2018 թվականի մարտին՝ նախագահ ընտրվելուց անմիջապես առաջ։

«Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը, հակաօրինական են»,- պնդում են հոդվածի հեղինակները։
Պարբերականը հիշեցրել է, որ նախագահը հրաժարականի դիմում է գրել երկրի սահմաններից դուրս գտնվելիս։ վերջերս ԱՄԷ կատարած այցից հետո նա արձակուրդ է գնացել առողջական պատճառներով։

Հայաստանի նախագահի հրաժարականի մասին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ համակարգային ներքին և արտաքին քաղաքական հարցերի վրա ազդեցության գործիքների բացակայության պատճառով։

Սարգսյանը այս պաշտոնում ընտրվել է Հայաստանի խորհրդարանի կողմից 2018 թվականի մարտի 2-ին 7 տարի ժամկետով և դարձել երկրի առաջին ղեկավարը, ով ընտրվել է խորհրդարանի կողմից 2015 թվականին երկրի խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրում է Ազգային ժողովը։ Հայաստանի նախագահի պաշտոնը լքելուց հետո խորհրդարանը պետք է երկրի նոր ղեկավար ընտրի նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո։ Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։

Հիմնական օրենքի համաձայն՝ մինչև նորընտիր նախագահի պաշտոնավարումը, նրա լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։