Բավ է պառակտվել
06-06-2019 19:31

«Ասել ոչ սև շորերին, այլ կապել ծաղկավոր բաբչկա».Վարչապետի նոր հանձնարականը

Կառավարության այսօրվա նիստում, մինչև օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում, մասնավորապես, Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: «Մի շարք ուժեր, այդ թվում քրեական, նախկին կոռուպցիայի հետ ուղղակի կապ ունեցող մարդիկ, փորձել են իրենց համար քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը նորմալ ու բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար»,-ասել է կառավարության ղեկավարը:

«Այս առումով տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է՝ իրենք պատրաստվում են Հայաստանում բռնության միջոցով քաղաքական հարցեր լուծել: Այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում»,-նկատել է Փաշինյանը, նաև հայտարարել է, թե ինչ օպերատիվ տեղեկություն են ստացել:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ու, որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։
«Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ, օրինակ, Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենենար վարել մայթերով ու սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում, իբր, հաստատված է անիշխանություն ու երկրում չկա իրավակարգ կամ թույլ է», - ընդգծեց վարչապետը։
«Նման պահվածքով հանդես եկող անձը պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար։ Ես այսօր առավոտյան այս թեմայով զրույց եմ ունեցել ՀՀ ոստիկանության պետի հետ», - ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերվում է սևազգեստ խմբերին, վարչապետն ասաց, որ այդ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորին վառ գույներով «բաբչկան» կապել ու ճանապարհել բնականոն քաղաքակիրթ, օրինական կյանքի։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցրեցին՝ խնդիրը պարզ է, կկատրեն հանձնարարականը։ Այնուհետև նա նաև գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց խնդրին՝ նկատելով, որ փորձ է արվում քաղաքացիների պաշտպանվածության զգացումը խախտել: 

«Բռնության քարոզողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր կամ ընդդիմության համակիր: ՀՀ-ում բռնության քարոզող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, որ հաջորդ անգամ բռնության քարոզից առաջ բերանը բացելուց տասն անգամ մտածեն, եթե հետո գնան նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այլ երկաթյա պետք է լինի»,-ասաց նա և Վալերիյ Օսիպյանին կոչ արեց ձևավորել խումբ, որն ահազանգերին սովորականից տասն անգամ ավելի կարձանագրի և տեսանելի միջոցներ կձեռնարկի:

Արմինե Գևորգյան