Բավ է պառակտվել
15-02-2019 16:57

Հայաստանի քննչական ծառայությունը կազմակերպել է Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի առերեսում

Օրերս Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կազմակերպել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առերեսումը։

“Սարգսյանն ու Օհանյանը հարցաքննվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում` որպես վկաներ”, – տեղեկացրել է աղբյուրն` ընդգծելով, որ հարցաքննությունը կապված չէ Մարտի 1–ի գործի հետ։

Քննչական ծառայության մամլո ծառայությունը հրաժարվել է հաստատել այս տեղեկատվությունը։

“Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում այդ տեղեկատվությունն”,- ասել է գերատեսչության մամլո քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ, Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության համար Հայաստանի հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը։ Այս գործի շրջանակներում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա գտնվում է կալանքի տակ։ Որպես մեղադրյալ են ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5մլն․դրամ գրավի դիմաց և Հայաստանի պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը։

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայաստանյան ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Սահմանադրական դատարանը 2008-ի ընտրությունները ճանաչել է լեգիտիմ: Հայտարարվել է, որ Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 52,86 տոկոսը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` 21,5 տոկոս: