Բավ է պառակտվել
23-12-2020 14:14

Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան

Մեր թշնամի պետությունը նոր արկածախնդրությունների է պատրաստվում, որոնց դիմակայելու համար Հայաստանին նոր ռազմավարություն է անհրաժեշտ, ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Վերջինս կարծում է, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները մի քանի խումբ են, որոնցից ամենակարևորը Սյունիքի հարցն է։
«Պետք է ասեմ, որ այս պահին ամենաարագ լուծելու մարտահրավերը Սյունիքի անվտանգության մարտահրավերն է։ Պատերազմում՝ մեր պարտության արդյունքում, իրավիճակ է ստեղծվել, որ Սյունիքի համայնքները, քաղաքները, գյուղերը հայտնվել են անմիջական ադրբեջանական տեսադաշտում։ Եթե ժամանակին 150 կմ հեռավորության վրա են եղել, հիմա 2-3 կմ։ Դրանից զատ նաև, որ Սյունիքում այս պահին, այսպես կոչված, սահմանազատման արդյունքում բարձրադիր տարածքներ և դիրքեր են զբաղեցնում ադրբեջանական զինված ուժերը և, ըստ էության, Սյունիքի մարտահրավերը դառնում է օրհասական խնդիր Հայաստանի համար»,–ասում է Մարուքյանը։ Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից այսօր ինքը հայտարություն է տարածել առ այն, որ Սյունիքի անվտանգային խնդիրը մենք կարող ենք լուծել՝ նոր համաձայնագիր ՌԴ-ի հետ ստորագրելով։

«Ես կարծում եմ, որ օր առաջ պետք է սկսենք այդ բանակցությունները, և արդեն փորձ ունենք մենք, դա Գյումրիի ռազմաբազան է։ Գյումրիի ռազմաբազան տասնյակ տարիներ ապահովել է այդ տարածքում ՀՀ անվտանգությունը։ Եվ էս առումով ակնհայտ է, որ ռուս խաղաղապահ ուժերը, որ գտնվում են Արցախում, ավելի հեշտ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան Գյումրիից մինչև Արցախ»,- շեշտեց Մարուքյանը՝ հավելելով, որ պետք է սկսել բանակցություններ այս ուղղությամբ, քանի որ միայնակ չենք կարողանալու դիմագրավել սպառնացող վտանգին։
Հարցին թե ռուսական կողմի հետ քննարկվե՞լ է ռազմաբազայի ստեղծման առաջարկը, Մարուքյանը պատասխանեց, որ եթե անցումային վարչապետ ընտրվի իրենց թեկնածուն, ՌԴ–ի հետ բանակցություններ կսկսեն։

«Այն հրապարակային առաջարկ է, և եթե անգամ մենք չենք բանակցողը, ապա կողմ ենք, որ ցանկացած մեկը դա անի»,–ասաց նա։
Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է ՀՀ նախագահին կառավարության կողմից լիազորել ՀՀ անունից բանակցություններ վարելու և ներկայացնելու ։

«ԱՊՀ գագաթնաժողով ունեցանք, որին ՀՀ վարչապետը չէր մասնակցում։ Ասացին` հայրն է մահացել, որի պատճառով չի մասնակցել գագաթնաժողովին, սակայն այժմ իրավիճակն այնպիսին է, որ վարչապետը չի կարող լինել Հայաստանի համար բանակցող անձ։ Հայաստանը կրակը չի ընկել, որ անընդհատ ներկայացված չլինի միջազգային հարթակներում, ինչի համար էլ առաջարկում ենք նախագահին նման լիազորություն տալ»,– ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահը նույնպես պետք է ներգրավվեր սահմանազատման հարցերում։ Մարուքյանը նշեց` մինչև խորհրդարանական ընտրությունները, այսինքն` հիմա,

ՀՀ խորհրդարանի մակարդակում պետք է իրականացնել որոշակի սահմանադրական փոփոխություններ։

Արմինե Գևորգյան