Բավ է պառակտվել
09-07-2022 12:47

Ցուցարարները ներխուժել են Շրի Լանկայի նախագահի նստավայրի գլխավոր շենք․ լրատվամիջոցներ

Պաշտպանության նախարարությունում AFP գործակալության աղբյուրի փոխանցմամբ Գոտաբայ Ռաջապակսան լքել է նստավայրը ցուցարարների՝ նախագահական նստավայրի տարածք մտնելուց մի քանի րոպե առաջ։

Շրի Լանկայում բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները, որոնք պահանջում են երկրի գործող նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի հրաժարականը, շաբաթ օրը ներխուժել են պետության ղեկավարի Կոլոմբոյում գտնվող նստավայրի գլխավոր շենք։ Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը։

Հրատարակության համաձայն՝ նախագահական պալատի պաշտպանությունը չի կարողացել կանգնեցնել ցուցարարներին։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և օդ կրակել, սակայն դա ցուցարարներին չի կանգնեցրել։

Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը, նույնպես հայտնել էր, որ ցուցարարները ներխուժել են շենք։ Պաշտպանության նախարարությունում գործակալության աղբյուրի փոխանցմամբ պետության ղեկավարին հաջողվել է լքել նստավայրը ցուցարարների՝ նստավայր մտնելուց մի քանի րոպե առաջ։ Նույն աղբյուրը AFP-ին հայտնել է, որ Ռաջապակսան մինչ օրս համարվում է երկրի նախագահը և ներկայումս պահպանվում է զինվորականների կողմից։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Շաբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ, պահանջելով Ռաջապաքսայի հրաժարականը։ Նրանց հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշն ու մտնել նախագահի նստավայրի տարածք։ Ռաջապաքսան այդ ժամանակ այնտեղ չէր։ Ցույցերի ընթացքում տուժել է 32 մարդ, այդ թվում՝ մի քանի ոստիկան։

Շրի Լանկան ապրում է 1948 թվականի անկախությունից ի վեր իր ամենավատ տնտեսական ճգնաժամը, որը հանգեցրել է սոցիալական և քաղաքական լարվածության: Բնակչության կենսապայմանների վատթարացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են ապրիլին։ Ճգնաժամը պայմանավորված է համաճարակի պատճառով արտասահմանյան զբոսաշրջության կրճատմամբ, ինչը հանգեցրել է արտարժույթի պահուստների դեֆիցիտի։ Իշխանությունները ստիպված եղան ռեսուրսների խնայողություն մտցնել և նվազեցնել ներմուծումը։ Արտաքին փոխառություններին և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին խոչընդոտում է Շրի Լանկայի պարտքը, որը հասել է 51 մլրդ դոլարի։