Բավ է պառակտվել
15-10-2020 22:44

Հայաստանի ԱԱԾ-ն պատասխանել է Ադրբեջանի ԱՊԱԾ-ի մեղադրանքներին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անհեթեթություն է է համարում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում ադրբեջանական խոշոր քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիվանդ երևակայության արգասիքը: Նման անհեթեթ հայտարարությունները մեկնաբանության ենթակա չեն, սակայն համարձակվում ենք ենթադրել, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածք արդյունաբերական ծավալներով ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների, ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և նրանց սպասարկուների  նկատմամբ վերահսկողության կորուստն այլ ելք չի թողնում պաշտոնական Բաքվին, քան խիստ կանխատեսելի բացասական զարգացումները նախապես վերագրել Հայաստանին:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի թիրախավորում Ադրբեջանի խաղաղ բնակչությանն՝ ի տարբերություն մեր հակառակորդների, որոնք ժամեր առաջ ռազմական ձախողումների քենը պարպեցին անզեն հայ ռազմագերիների վրա:

Համոզված ենք, որ ահաբեկչական այդ գործողությունը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող ահաբեկչական ակտերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության, երեխաների, հոսպիտալի թիրախավորումը, քաղաքացիական օբյեկտների և անգամ՝ եկեղեցու ուղղությամբ հարվածները, խստագույն միջազգային գնահատականի կարժանանան: 

Հայաստանը միջազգային հարաբերությունների պատասխանատու մասնակից է, Հայաստանի հատուկ ծառայությունները այսօր պարտադրված են պայքարել հանուն միջազգային ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի, հանուն խաղաղության և մեր քաղաքացիների անվտանգության»,-ասվում է Հայաստանի ԱԱԾ-ի հայտարարությունում:

Ավելի վաղ համացանցում էին հայտնվել ադրբեջանա-թուրքական ահաբեկչական զորքերի կողմից գերեվարված հայ գերիների նկատմամբ ծայրահեղ դաժան վերաբերմունքի կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են նրանց նստեցնում եզրապատին, փաթաթելով հայկական դրոշներով և երկար գնդակահարում ինքնաձիգներից՝ ակնհայտորեն հաճույք ստանալով դրանից:

Սրանք կենդանիներ չեն: Կենդանիները հաճույքի համար չեն սպանում: Սրանք անմարդկային արարածներ են։ Եվ, ինչպես ցույց է տալիս «թեժ կետերի» իմ փորձը, այս պսիխոտիպը միշտ հանդիպում է պատերազմում, անկախ այն բանից, թե այս կամ այն կողմն ինչ ճշմարտություն է պաշտպանում: - գրում է ռուս լրագրողի kotsnews հեռագրային ալիքը: