Բավ է պառակտվել
29-06-2020 11:51

ԱԱԾ –ն ապրում է մեր տանը․Նաիրա Զոհրաբյան

Ներկայացրել ենք դիմում և կսպասենք արձագանքին՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սահմանադրական վերջին փոփոխությունների սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկելուն՝ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իրենք պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և ընթացակարգային կարգով քննարկեն՝ մեր դիմումը վարույթ ընդունում են թե ոչ: Մենք, բնականաբար, կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը: Եթե ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի նախադեպային տարբերակները, եղել են նախադեպեր, որ 26 հոգու դեպքում դատարանը ընդունել է վարույթ, եղել են նախադեպեր, որ 26-ի դեպքում դատարանը վարույթ չի ընդունել: Էնպես որ, եկեք վճիռը թողնենք ՍԴ-ին»,- ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրությունը, 132 հոգանոց Ազգային ժողովի դեպքում` առնվազն 27 պատգամավորի: «Բարգավաճ Հայաստանի» հավաքած ստորագրությունները 26-ն են:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ Սահմանադրությունը փոխելու օրենքի նախագծի ժամանակ ձայներ ապահովելու նպատակով իշխանական ֆրակցիան ստիպել է կորոնավիրուսով վարակված երկու գործընկերոջ գալ ու մասնակցել քվեարկությանը։
Ասաց, որ եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա շատ անամոթ և անբարո քայլ եղած կլինի։
«Ես տեղեկություն չունեմ, գիտեմ, որ «SOS» ռեժիմով բոլոր պատգամավորները բերման են ենթարկել։ Վստահ տեղեկատվություն չունեմ, բայց մեզ ասել են, որ նման բան է եղել ու ասել են այդ երկու պատգամավորի անունը, ովքեր վարակակիր էին, իրենք ձեռնոցներով, դիմակներով եկել են քվեարկելու։ Եթե դա իրականություն է, սա համարում եմ անբարո քայլ», - ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայության։
Զոհրաբյանը անդրադարձավ նաև իրենց կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց, որ ԲՀԿ կողմնակիցներին, համակիրներին հրավիրում են քննչական բաժիններ և տալիս անհեթեթ հարցեր։
Պատգամավորի խոսքով ԱԱԾ-ն չի կարող երկրի մոլորակի վրա գտնել գեթ մեկ մարդու, ով կարող է փաստարկված պնդել, թե Զոհրաբյանը իրենց կաշառք է առաջարկել:
«Եթե այս մոլորակի վրա գեթ մեկ հոմոսապիենս կգտնեք, ով կկանգնի փաստարկված կասի, ոչ թե ապօրինի հայտարարություն կանի, թե Նաիրա Զոհրաբյանը որևէ մեկին գումար է տվել կամ խոստացել է, «բամբանեռկա», պեպսի կոլա կամ լահմաջո է տվել և ասել է՝ ձայն կբերես ինձ կամ իմ կուսակցությանը, պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես՝ սխալ», - ասաց նա։
Պատգամավորը նաև կոչ արեց ԱԱԾ-ին իր հեռախոսազանգերը չլսել և չհետևել իրեն:
«Բայց քանի որ ԱԱԾ-ն ինձ հետ միասին ապրում է մեր տանը, իմ հեռախոսի մեջ։ Մի քրքրեք իմ ֆեյսբուքը, վոթսափը, մեսինջերը, սիգնալը։ Եթե ինչ-որ մեկի հետ խոսալու բան ունեմ, կարող եմ հանդիպել փողոցում, հանդիպել հեռախոսները թողած տանը, իզուր այդքան ռեսուրս ինձ վրա մի ծախսեք, անիմաստ է», - ասաց Զոհրաբյանը՝ հավելելով․
«Քայլում եմ, իրանք հետևս են, մտնում եմ գեղեցկության սրահ, իրանք ինձ ուղեկցում են, էն օրը խանութում կանացի պարագա էի առնում, ուզում էի մի հատ էլ հարցնեի՝ լա՞վ ա, հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ»․–ասաց Զոհրաբյանը։

 

 

Արմինե Գևորգյան