Բավ է պառակտվել
01-03-2021 12:14

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
«2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար:

Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:
Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության և համերաշխության:

Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:

Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարարածած հաղորդագրությունում: