Բավ է պառակտվել
09-01-2020 14:16

Ովքեր փորձեցին եղանակ փոխել կամ ստեղծել 2019–ին - հեղինակային նյութ

Անձինք, երևույթներ որոնք մեր կյանքում փոթորիկ առաջացրին կամ, հակառակը, որքան էլ ջանացին եղանակ փոխել, այդպես էլ չստացվեց։
Երբ մամուլն առաջին անգամ գրեց այս մասին, շատերը կարծեցին, թե բամբասանք է, բայց լրատվամիջոցներն այս անգամ չէին սխալվում։ Շատերի համար լուրը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ։
«Պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին, նրա լիազորությունները կասեցվել են» ։
Դավիթ Սանասարյանը մեղադրանքը չընդունեց, գործը շինծու որակեց ու այդ ամենի հետևում տեսավ ԱԱԾ –ին։ Ավելին, ասաց, որ պատրաստ է ձեռքը կտրել, եթե
«Ես պատրաստ եմ ձեռքս կտրել, եթե կհրապարակվի այն տեսանյութը,որտեղ ես կաշառք եմ վերցնում»;
Նրա այս հայտարարությունը եղանակ չփոխեց։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասաց, որ անդամահատվելու կարիք չկա․ իրենց փաստերը հիմնավոր են։
Մինչ պարզ չէր՝ ձեռք կկտրվի՞, թե՞ ոչ, գործին խառնվեց առողջապահության նախարարը, ու ոչ թե խորհւորդ, այլ ցուցմունք տվեց։ Թորոսյանի ու Սանասարյանի ջրերը սկսեցին մի առվով չհոսել։
« Ես կարեկցում եմ պարոն Թորոսյանին»,–ասաց Սանասարյանը․«քանի որ նա սուտ ցուցմունք է տվել» ։ «Ի հեճուկս իրեն ես չեմ կարեկցում,այլ հորդորում եմ վերանայել իր պահվածքը»,–ասաց Թորոսյանը Սանասարյանին։
Մինչև հիմա կարծում էի, որ ֆան ակումբներ ունենում են միայն շուոբիզնեսի ներկայացուցիչները կամ հայտնի մարդիկ, բայց պարզվեց, որ նման ակումբ Ինստագրամում ունի նաև ԱԱԾ –ն՝ ի դեմս Արթուր Վանեցյանի։ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ սիրեցին ԱԱԾ –ին, կառույցին երգեր ձոնեցին ու դրա հետ մեծ հույսեր կապեցին: Ու մինչՎանեցյանը վայելում էր տաք ու արևոտ օրերը, երկինքն անսպասելիորեն խավարեց, ու այնպիսի կարկուտ տեղաց , որ Վանեցյանը հրաժական տվեց։ Ասաց․ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Պատիվ ունեմ»: Հեռացավ նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ այրելով բոլոր կամուրջները։
Ուժայիներին վերաբերող թեման այսքանով չավարտվեց: Հեղափոխության սիմվոլ դարձած, ցույցեր ցրող ու ցուցարների հետ ամենաշատը նկարվող ու քննարկվող ոստիկանպետը՝ Վալերի Օսիպյանը փորձեց ոստիկանությունում կայուն եղանակ ստեղծել, բայց չհաջողեց ։ Եկան ցուրտ քամիներ ու նրան ցուրտ մոսկվաներ տարան։ Այնտեղից նախկին ոստիկանապետը լուր ուղարկեց ՝ իմ մասին չմտածեք․․․։
Ցուրտ օդային հոսանքներն արդեն հեռանում էին, երբ նոր ամպրոպ պայթեց։ Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության պատճառը նախարարների աշխատավարձի բարձրացումն էր։ Արձագանքն այդքան կտրուկ չէր լինի, եթե աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չլիներ։ Բայց, ինչպես կասեր մաեստրոն, գաղտնին դեռևս թաքուն չէ։
«Դատապարտում եմ հենց էդ բառի համար, որ դա թաքուն։ Հեղափոխություն ժողովուրդն ինչի՞ համար է կատարել, պատրաստ է ժողովուրդը ամեն ինչի էլ, բայց տեղյակ լինի, գիտակցի, լսի։ Էս հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն, թաքուն բառը վիրավորական է մեր բոլորի համար», - ասաց Ծառուկյանը։
Ընդդիմադիր խմբակցություններից թե՛ ԲՀԿ-ում, թե՛ «Լուսավոր Հայաստան»-ում շեշտեցին իրենք քննադատում են ոչ թե աշխատավարձերը բարձրացնելու որոշումը, այլ գաղտնիության ձևաչափը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց կոռուպցիոն ռիսկերը կանխելու կարևոր գործոն է նաև արժանապատիվ աշխատավարձը և այդ հարցը լուծելու երկու տարբերակ կա՝ կա՛մ օրենսդրական նախագիծ ներկայացնել ԱԺ ու փոխել պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի գործակիցները, կա՛մ պարգևավճարների միջոցով խրախուսել նրանց: Ընդդիմադիր պատգամավորը երկու տարբերակին էլ կողմ է, բայց ոչ գաղտնի ձևաչափով:
Փաշինյանն էլ ասաց,որ գործընթացը գաղտնի չի եղել, բայց, բացի այդ, նախարարի վճարման գաղտնիության մասին խոսելը տեղին չէ, քանի որ նա ամեն տարի եկամուտների հայտարարագիր է լրացնում, որը հասանելի է լինում բոլորին՝ 24 ժամ․
Նախարարների աշխատավարձի թեման հազիվ մարսած՝ մեկ այլ փոթորիկ բարձրացավ, արդեն մշակութային դաշտում։ «Հուզանք ու զանգ» ներկայացումը ոչ թե հուզեց, այլ բարկացրեց շատերին։ Համացանցի օգտատերերը ինչի մեջ ասես չմեղադրեցին կազմակերպիչներին ՝ է՛լ սատանիզմի, է՛լ ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի, է՛լ ապազգայնության: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ներկայացուցման ֆինանսավորմանը մասնակցելու մասին տեղեկությունն ավելի վատացրեց եղանակը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մեկ այլ ցնցում էլ էր սպասվում․հայագիտական առարկաները ԲՈՒՀ–երում ոչ պարտադիր դարձնելու մտադրությունը ամպրոպի պես պայթեց ու մթագնեց երկինքը ՀՅԴ երիտթևում։
Նախարար Արայիկ Հարությունյանը դիմացավ բնական արհավիրքին, բայց նախարարի տեղակալը չդիմացավ․ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվեց։ Այդ օրը մեկ այլ քամի էլ բարձրացավ քաղաքական դաշտում․ մեղադրանք աղաջադրվեց 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Թվում էր, թե տեղեկությունը փոթորիկ է խոստանում, բայց հասարակությունն ավելի բուռն արձագանքեց Լոռեցյանի ձերբակալությանը։
Տարեվերջին եղանակային մի կտրուկ փոփոխություն էլ եղավ «Լուսավոր Հայաստան»–ում․ քիչ էր մնում խավարեր Դավիթ Խաժակյանի աստղը։ Մարուքյանն ասաց՝ մտածում են նրան հետ կանչել Երևանի ավագանուց։ Դաշտը փոթորկվեց, փոթորիկը բարձրացրեց Խաժակյանի վարկանիշը:
Բայց արշալույսները «Լուսավոր Հայաստանում» խաղաղ բացվեցին ու «Լույսի» աստղը կրկին լուսավորեց Երևանի ավագանին։

 

 

Արմինե Գևորգյան