Բավ է պառակտվել
29-03-2019 19:20

Երկար, հագեցած, արդյունավետ. ՄԽ համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Երկար, հագեցած, արդյունավետ։ Ինչպես փոխանցում է Tert.am-ի թղթակիցը, Վիեննայում վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում գտնվող լրագրողների հետ ճեպազրույցում այսպես բնութագրեց Փաշինյան-Ալիև հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։

«Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,-ասաց նա: Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:

Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցը լքեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Վիեննայում մեկնարկել է երևանյան ժամանակով 14:00-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է առանձին: Երեք ժամ անց նրանց կրկին միացել են ԱԳ նախարարներն ու համանախագահները:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպումը նորմալ է անցել, իսկ Ալիևն իր հերթին կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: