Բավ է պառակտվել
14-04-2021 10:13

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել Երևանին և ԲԱքվին ջանքեր գործադրել Ղարաբաղի շուրջ մնացած հարցերը լուծելու համար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում կողմերին լրացուցիչ ջանքեր գործադրել մնացած հարցերը լուծելու համար և հնարավորինս արագ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված իրենց հայտարարության մեջ կրկնել են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների:

Համանախագահները գոհունակությամբ նշում են հրադադարի ռեժիմի ամրապնդումը և հայտնում, որ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ հայտարարության իրականացմանը: Նրանք ողջունում են զոհերի աճյունների վերադարձը, հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և կյանքի համարժեք պայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:

Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ հարկավոր են լրացուցիչ ջանքեր` դեռևս մնացած հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը և պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտությունից տուժած համայնքների, մարդկանց միջև վստահության ամրապնդման այլ միջոցառումների համար անմիջական շփումների և համագործակցության խթանմանը:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:
Համանախագահները նաև իրենց խորին աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական երկայացուցչի շարունակական գործունեությանը և առաքելության հնարավոր ընդլայնմանը և կոչ են անում կողմերին ապահովել լիարժեք հասանելիություն և աջակցություն նրա ջանքերին:

Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում`Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Այս առումով համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան:

Ալիևի մեսիջները ԵԱՀԿ ՄԽ-ին

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ տարածաշրջանում հետագա խաղաղ կյանք հաստատելու առաջարկներ է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Նա նաև հայտարարել է, որ չի բացառվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը, «եթե Հայաստանի կողմից լինեն դրական ազդակներ»: Դրա հետ մեկտեղ Ալիևը Զանգեզուրը (Հայաստանի Սյունիքի մարզ) և Երևանն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածքներ» և խոստացել վերադառնալ այնտեղ։

Մինչդեռ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում անընդունելի է որակել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ղարաբաղյան հարցի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ։