Բավ է պառակտվել
23-04-2018 14:29

Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստվեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի՝ «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը:

 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի խոսքը կառավարության արտահերթ նիստում

Հարգելի՛ գործընկերներ,

բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Այդ իսկ պատճառով հանձնարարականը և առաջարկը գործադիր իշխանության բոլոր մարմիններին, նախարարություններին և գերատեսչությունների աշխատակիցներին, պետական ծառայողներին: Բոլորը մեր երկրում ակնկալում են, որ մենք անխափան շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը: Այդ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը: Վստահ եմ, որ մենք բոլորս այն պատվով կկատարենք:

Պաշտպանության նախարարին և մեր բոլոր զինվորականներին խնդրում եմ, որ դուք ևս առավելագույնս զգոն լինեք: Իրավապահ մարմինների աշխատակիցներին խնդրում եմ, որ ցուցաբերեն առավելագույն զգոնություն, շարունակեն հետևել օրինականությանը և հանրային կարգուկանոնի պահպանմանը: Տեղի ունեցող քաղաքական զարգացումները չպետք է որևիցե կերպ ազդեն մեր բնականոն կյանքի ընթացքի վրա: Դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին՝ ցուցաբերել մաքսիմալ զգոնություն և օրինապաշտություն, հարգանք այլ քաղաքացիների իրավունքների հանդեպ:

Ինչպես գիտեք, այսօր նախագահ Սարգսյանի մոտ հավաք էր, և համապատասխան կոչով ու դիմումով ենք դիմել: Վաղը ապրիլի 24-ն է: Չափազանց կարևոր օր է մեզ համար, և ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին վաղը այն ապաքաղաքականացնել, որպեսզի կարողանանք պատվով մեր հարգանքի տուրքը տալ: Մենք կանգնած ենք խնդրի առջև, որ ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք կրիտիկական պահերին կարող ենք համախմբվել, հավաքվել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել: Շնորհակալ եմ: