Բավ է պառակտվել
29-08-2022 21:59

Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի հետ աղերս չունի կենսաբանական զենքի հետ. Անվտանգության խորհուրդ

Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել առողջապահության ոլորտում գլոբալ վտանգների նվազեցման նպատակով համատեղ գործընկերություններին մասնակցելու վերաբերյալ։

«Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: Մեր կառավարությունները բաց և թափանցիկ համագործակցել են Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ծրագրի մաս է կազմում: Այս գործընկերությունները բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում և ոչ մի աղերս չունեն կենսաբանական զենքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս համագործակցությունները ԱՄՆ-ում և Հայաստանում պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը` ներառյալ վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելմամբ, հայտնաբերմամբ և վերահսկմամբ, ինչպես նաև բարելավում են տեղական լաբորատորիաների կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը:

«Որպես այս ծրագրի գործընկերներ, մեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն գիտակցում է համաշխարհային առողջապահական անվտանգության ամրապնդումը և մեր հասարակությունների վրա վարակիչ հիվանդությունների ազդեցությունը նվազեցնելուն միտված համագործակցության ընդհանուր նպատակի կարևորությունը: Մեր կառավարությունները վճռականորեն հաստատում են այն ընդհանուր մոտեցումը, որ նման համագործակցությունը ոչ թե պետք է խոչընդոտվի, այլ խթանվի և ամրապնդվի: 10-րդ հոդվածի համաձայն, մենք խրախուսում ենք «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին ի պաշտպանություն այս նպատակի աշխատել միասին` այդ թվում գալիք Վերանայման կոնֆերանսում (Review Conference)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը 2022 թվականի հունիսի 2-ի նիստում հավանություն է տվել Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախագծին։ Հայաստանը մտադիր է հրաժարվել երկրում հավաքված վտանգավոր հարուցիչների նմուշները ԱՄՆ պաշտպանության նախարարությանը փոխանցելու պարտավորությունից։

2022 թվականի մայիսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում, Մոսկվան այդ խնդիրը քննարկում է իր հարևանների հետ ինչպես երկկողմանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ Ըստ նրա՝ կարևոր է թափանցիկությունը, ինչը թույլ է տալիս համոզվել, որ այդ ծրագրերը չունեն ռազմական ուղղվաություն, քանի որ դա արգելված է Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի մասին կոնվենցիայով։

2019 թվականին հաղորդվել էր, որ ռուս մասնագետներին, այդ թվում՝ զինվորականներին, երաշխավորվելու է մուտքը Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված կենսալաբորատորիաներ։ 2021 թվականի մայիսին Հայաստանն ու Ռուսաստանը համապատասխան հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության վերաբերյալ։