Բավ է պառակտվել
16-06-2020 15:11

Հեղափոխություն արած ուժը դարձավ հակահեղափոխական

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում, խոսելով ԲՀԿ ղեկավարների նկատմամբ հարուցված գործերից, հայտարարեց, որ «նստելուց» չի վախենում:
«Վախեցնում եք՝ դատարան կգնաս, բանտ կգնաս: Տո, բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք, բոլորս էլ նույնն ենք, Լենինն էլ է դատվել, ասում են Պողոս Առաքյալն է դատվել: Ոչինչ: Դրանից հետո էլ կյանք կա», ասաց նա՝ խորհուրդ տալով՝ «Մի դատեք, որ չդատվեք»:
Նա նաև իշխող խմբակցության գործընկերներին մեղադրեց նախկին իշխանությունների գործելաոճը կրկնելու մեջ`զգուշացնելով, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում աշխատող տասնյակ հազարավոր մարդիկ նրա դատապարտվելուց ու անգործ մնալուց հետո դուրս են գալու փողոց:

Իսկ ԲՀԿ –ական պատգամավոր Արման Աբովանի համար անսպասելի էր,որ հեղափոխության արած ուժը կդառնա հակահեղափոխական: Արման Աբովյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ասել է ճշմարտությունը, որ ձախողել են: «Ձախողման հիմնական պատճառն այն է, որ մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով ձեր պադավատները, մոռացել եք, թե ով է ձեզ բերել իշխանության,և հիմա էլ եք մոռացել: Ես գիտեմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր բոլորից լավ են հասկանում այսօրվա գործողությունների ապօրինությունը, հասկանում են, որ այսօր իրենց ձեռքերով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն: Դուք չեք պատկերացնում, թե որքան եք նման նախկիններին, ձեր հայացքներով, պահվածքով»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ Գլխավոր դատախազը այստեղ գալիս և հեքիաթ է կարդում, իսկ Առողջապահության նախարարն իր գործը թողած նախաքննության փաստաթուղթ է հրապարակում և դատախազը ասում է՝ նորմալ է: «Փիառստան եք սարքել Հայաստանը, հերիք է, ձեր ուզածը որն է, պատժեք հանցագործներին, ոչ թե սարքեք մարդկանց գլխին, ինչից եք վախեցել, վախեցել եք նրանից, ինչը տեսաք հայելու մե՞ջ»,-ասաց նա և կոչ արեց աշխատել:

«Այո, դուք դավաճանության ճանապարհին եք և այդ դավաճանությունը սկսեց այն պահից հետո, երբ կանանց գետնի վրա Ոստիկանությունը քարշ տանելով բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները և դուք ուրախ-ուրախ ստատուսներ եք գրել, որ բռնությունը չի եղել, համաչափ է: Մոռացե՞լ եք ձեզ ոնց էին քարշ տալիս»,-ասաց Աբովյանը։

Իսկ ԲՀԿ –ական մեկ այլ պատգամավոր Արթուր Դալլաքյանը նշեց,որ 90-ական թվականներին մոտ 17-18 տղա էր, ր հիշում էր,որ աչքի առաջ կատարվում էր քաղաքական ռեպրեսիաներ, ընդ որում, ինքն էլ է ենթարկվել:
«Այսքան բանն ասում եմ շատ մեծ հարգանքով Ձեր նկատմամբ, չէի ուզենա այս ճանապարհը Դուք անցնեք, որպես գործընկերներ, իմ խորհուրդն է Ձեզ՝ այդ ճանապարհով մի անցեք, չեն հարգվելու դրանք, որովհետև այդ մարդիկ կյանքեր են խլել, տարել են շատ մարդկանց, որտեղից հետ չեն գալու, մարդու անուններ են ջարդելու: Այսօր այդ ռեպրեսիան ես տեսնում եմ, տեսնում եմ նաև իրավական բեսպրիդել»,-ասաց նա և նշեց, որ դա այն ժամանակ էլ էր տեսնում, ոնց կարելի է մարդու վրա չեղած բան կարել:

«Հարգելի՛ պարոն Դավթյան, Ձեր մասնագիտական ունակությունների վրա կասկած չունեմ, շատ ուժեղ մասնագիտական ունակություններ ունեք, բայց չպետք է դառնաք այն գործիքը, որը պետք է այսօրվա իշխանությունների ծառայի այլ նպատակների համար: Ունեք ժամանակ, որ հասկանաք, հետ կանգնեք այդ ճանապարհից»,-ասաց Արթուր Դալլաքյանը և նշեց, որ գալու է ժամանակ, որ մարդիկ հասկանան, որ այս ամենը ցիրկ է»,–ասաց նա և դիմելով գործընկերներին, ասաց, որ կցանկանար խորը քննարկեն իրենց ներաշխարհում ու կկարողանան ճիշտ քայլ կատարել:

 

 

Արմինե Գևորգյան