Բավ է պառակտվել
17-12-2019 16:34

Երևանի ավագանին հնարավոր է մնա առանց «Լույսի»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, թեև համարում է, որ իրենց կուսակցությունից ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանի թիվ մեկ աստղն է, բայց, հնարավոր է, ստիպված լինեն հետ կանչել նրան ավագանուց։ Մարուքյանի տեղեկացմամբ «Լուսավոր Հայաստանի» մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու կամ առհասարակ հետագա մասնակցությունը շարունակելու հարց է առաջացել: Եվ եթե մասնակցությունը դադարեցնելու որոշում կայացնեն, ավագանուց հետ կկանչեն իրենց միակ անդամին՝ Դավիթ Խաժակյանին:
«Սա կարևոր հարց է, հազարավոր նամակներ ենք ստանում, կուսակցության մեդիաթիմը հետևում է քաղաքացիների արձագանքներին, զեկույցներ են ներկայացվում, քաղաքացիներին ուզում ենք ասել՝ լսում ենք ձեզ, լսել ենք ձեզ, ձեր ձայները հասնում են, դրանից բխող քայլեր ենք կիրառում: Երեկվա Ավագանու ելույթներից հետո պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք մեզ գրողներին և հարցնողներին: Սա այդ արձագանքն է, այն կունենա նաև ապագայում կայացվելիք որոշում»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ երեկ ավագանու նիստում հնչած հայտարարություններից հետո իրենց սկսել են շատ գրել, հարցեր հնչեցնել, ի պատասխան հայտարարություն է տարածվել ու հրատապ ասուլիս հրավիրվել։
Լրագրողի հարցին՝ թե ինչի՞ մասին է խոսքը, Մարուքյանն ասաց, որ երեկ Խաժակյանը ավագանու ամբիոնից ներկայացրել է պաշտոնական կեղծիքի մասին բացահայտումներ, մինչդեռ լրատվամիջոցները դա լուսաբանելու փոխարեն լուսաբանել են քաղաքապետի ծաղրական արձագանքը:
«Ձեռքառնելու արձագանքն է լուսաբանվում, դրանից հետո արված աշխատանքը կորչում է: Եթե չկա այդ աշխատանքը, եթե քաղաքացիները չեն տեսնում այդ աշխատանքը, չկա այդ ընկալումը, արդյոք անհրաժեշտ է, որ մենք այնտեղ շարունակենք աշխատել», - ասաց Մարուքյանը:
Ասուլիսին մասնակցող կուսակցության անամ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ կուսակցությունն ունի սահմանված օրակարգ, որից պարբերաբար շեղվում է «Լույս» խմբակցությունը։

«Հետևաբար մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում կամ ի՞նչ ձևաչափով է նպատակարհարմար շարունակել, մենք պետք է կրենք պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը»,-ասաց Թանդիլյանը։

Նրա խոսքով, կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ համաձայն չէ ու դրա վրա ազդեցություն չունի ցուցաբերվող վարքագծի վրա։

Հարցին, հնարավո՞ր է Խաժակյանին հետ կանչելու մտադրության վրա ազդե՞լ են քաղաքային իշխանութունները, Էդմոն Մարուքյանը բացասական պատասխան տվեց։

«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք։ Դավիթ Խաժակյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի, նաև օրինակելի գործիչ է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ։ Բայց նաև միևնույն ժամանակ կան իրավիճակներ, որոնք Դավիթ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը պատասխանատվություն է կրում դրանց համար՝ որպես խմբակցության ղեկավար, այդ պատասխանատվությունը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամները քիչ առաջ քննարկում էին Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցը:
Քննարկելու ընթացքում ընդհարում տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի միջև: Վարդանյանը արձանի տեղադրման հարցը քննարկելու ընթացքում շեղվեց թեմայից և խոսեց աղբի թափոնների մասին.«Հորդորում եմ Ձեզ, մի փոքր ավելի մտածված խոսել: Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք, և ձեռոց նետեցիք մի ամբողջ առողջապահական համակարգի և նախարարության: Պարոն քաղաքապետ, որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, սա ուղղակիորեն անթույլատրելի է, այս արտահայտությունը: Կան կազմակերպություններ, որոնք կիլոներով կշռում են այդ աղբերը»:
Վարդանյանի խոսելու ընթացքում Հայկ Մարությանը ծիծաղեց, ինչին ի պատասխան, Թեհմինա Վարդանյանը նշեց.«Հերիք է, պարոն քաղաքապետ, այդպես ցինիկ ծիծաղեք»:
Այս խոսքերից հետո լեզվակռիվ սկսվեց, Մարությանը հորդրեց անջատել Թեհիմինա Վարդանյանի խոսափողը:
Հիշեցնենք, որ «Լույս» խմբակցության կազմում բացի Խաժակյանից, Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն են, որոնք ԼՀԿ անդամ չեն: