Բավ է պառակտվել
25-09-2020 20:48

Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով - Փաշինյան

Ադրբեջանի նախագահ Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին այսօր պատասխանել է վարչապետ Փաշինյանը։

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև, եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա» - նշել է վարչապետը:

Նա ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, կարձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Փաշինյանը, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն՝ միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով:

«
Ինչպես մի հայտնի ֆիլմում էր ասվում. Влюбляйтесь, женитесь, разводитесь. Сходите с ума - море рядом: Բայց ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիևը Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին իրենց սիլիբիլիները անել չեն կարող: Երկուսդ էլ մեզանից հեռու մնացեք: Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով: Այս ամենի հաշիվը դեռ բաց է, բայց հատուցման ժամը հեռու չէ», - գրել է Աշոտյանը

Փաշինյանի այս հայտարարությանը անդրադարձել է  նաև Արփինե Հովհաննիսյանը  Հարգե՜լի հերոսական ԱԱԾ՝ յուր գործակալ փնտրող ղեկավարով, դուք ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մի արարք չե՞ք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող քաղաքացի Փաշինյանի ասածների մեջ:

Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ։

Նա չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը։

Նա չհերքեց, որ Ալիեւին խնդրել է չկրակել, որ այստեղ «ներքին թշնամի» կալանավորի, նա չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ։

Նա սա անվանեց կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք, որին ի պատասխան ինչպես բնորոշ է դեղին լրագրողին սպառնաց՝ թե բա ես էլ քո մասին ինֆորմացիա ունեմ, կհրապարակեմ։

Նախ՝ հրապարակի, թող իրենք էլ խառնվեն իրար, ինչպես մենք, բացի այդ, մեղքդ աննշան կթեթեւացնես պատմության, հայ ժողովրդի ու դատարանի առաջ։ Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր!

 

 

Արմինե Գեւորգյան