Բավ է պառակտվել
26-11-2021 21:10

Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Սոչիում կայացած հանդիպման արդյունքում։

Ինչպես ճեպազրույցում նշել է Պուտինը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք առանցքային հարցերի շուրջ։

«Առաջինը մինչև տարեվերջ երկու պետությունների միջև սահմանազգծման և սահմանազատման մեխանիզմների ստեղծումն է : Հուսով եմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, դրա համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է ՌԴ նախագահը: .

Երկրորդը՝ շատ կարևոր զգայուն կետը, որի վրա ուշադրություն հրավիրեց Պուտինը, վերաբերում է հումանիտար խնդիրներին, որոնցում կողմերը նույնպես զգալի առաջընթաց են գրանցել։

«Երրորդն այն է, որ, վերջապես, մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական հարցերի մասին: Տնտեսական կապերի զարգացումը և, նախ և առաջ, որպես առաջին քայլ խոսեցինք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին: Դա վերաբերում է և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային հաղորդակցություններին»,- ասել է Պուտինը:

Նա շնորհակալություն է հայտնել երեք երկրների փոխվարչապետներին, ովքեր բավականին երկար են աշխատել այս հարցի շուրջ։ «Հաջորդ շաբաթ նրանք կհանդիպեն Մոսկվայում, որպեսզի ամփոփեն որոշ արդյունքներ և հայտարարեն ընդունված որոշումները, որոնք մենք այսօր համաձայնեցրել ենք»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումն անվանել է օգտակար և ժամանակին և հույս հայտնել, որ պայմանավորվածությունները կհարգվեն։ «Ռուսաստանի Դաշնությունը հետագայում էլ կշարունակի ցուցաբերել ողջ անհրաժեշտ օջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ընդգծել է Պուտինը։