Բավ է պառակտվել
07-08-2019 11:38

Ձևավորվելու է հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով

Հայաստանում ձևավորվելու է հատուկ խումբ, որը կզբաղվի սահմանադրական բարեփոխումների մշակմամբ, գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ արդեն բազմիցս անդրադարձել է անցումային արդարադատության հարցերին և գործիքներին, և, ի պատասխան ընդդիմության հայտարարություններին այն մասին, որ կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու, ընդգծել է, որ իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է ցանկանում։

“Մենք ոչ միայն հստակ գիտենք՝ ինչ ենք ցանկանում, այլև ունենք ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: Այդ ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից”,-գրել է նա:

Նրա խոսքով, անցումային արդարադատության որոշ տարրեր ներառված կլինեն նաև դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի:

“Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն, բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում”,-ասել է Բադասյանը:

Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնական անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումներից և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման:

2018թ․Հայաստանում իրականացվել է սահմանադրական բարեփոխում․ հանրաքվեի արդյունքներով կառավարման նախագահական համակարգից անցում է կատարվել խորհրդարականի։