Բավ է պառակտվել
24-02-2022 18:32

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիենայում հանդիպմանը նախանշել են բանակցությունների վերջնական նպատակը․ ԱԳՆ

Փետրվարի 24-ին, Վիենայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

“Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում”,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ, Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակել գործընթացն առանց նախապայմանների:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում գոհունակություն էր հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ցանկությունից։ «Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի... Ադրբեջանի նախագահը նույնպես դա օգտակար է համարում»,- ասել է Էրդողանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանն, ապա մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա վերջ։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն օգնում է ողջ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, տարածաշրջանի երկրներն»,- ասել էր Փաշինյանը։

Հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։