Բավ է պառակտվել
24-01-2022 21:05

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի նվազեցման ուղիները

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ խորհրդատվություն, ինչպես նաև քաղաքական աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նրա խոսքով, ԵՄ-ից օգնություն կտրամադրվի միայն այն դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է առարկայական քննարկումներ սկսել՝ ապագայում նոր էսկալացիա բացառելու համար։ ԵՄ առաքելության ներկայությունը տարածաշրջանում թելադրված է Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկությամբ, այլ ոչ թե այստեղ աշխարհաքաղաքական վերահսկողություն հաստատելու մտադրությամբ։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանից զորքերի դուրսբերման մասին՝ Տոյվո Կլաարը նշել է, որ այս թեման համակողմանի քննարկման առարկա է դարձել թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ ԵՄ-ն առաջարկել է սահմանին տիրող իրավիճակի կարգավորման մի քանի տարբերակ, սակայն դեռ կան մի շարք հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ սահմանների սահմանազատման հետ կապված: Իրավիճակը դեէսկալացնելու համար անհրաժեշտ է անցնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նախապես համաձայնեցված հարցերի գործնական իրականացմանը։