Բավ է պառակտվել
17-01-2023 16:50

Հայաստանի ԱԺ նախագահը 30-ից ավելի միջազգային գործընկերներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Արցախում ճգնաժամը կանխելու համար

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակներ է հղել ավելի քան 30 երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ կապված Լաչինի ճգնաժամի հետ։

Նամակում նշվում է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։

Նշվում է, որ Արցախի 120 հազար բնակիչ շարունակում է մնալ շրջափակման մեջ, փակվել է 41 մանկապարտեզ և 20 դպրոց, 1,1 հազար արցախցի վերջին շաբաթներին չի կարողացել տուն վերադառնալ, նրանցից 270-ը երեխաներ են։

«Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն։ Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ասված է գրության մեջ։

Սա Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ Սիմոնյանի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին, առաջին նամակն ուղարկվել է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին։