Բավ է պառակտվել
07-10-2022 12:27

ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի հայ ռազմագերիներին խոշտանգումների և մահապատժի ենթարկելու համար․ Շիֆ

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների և նվաստացման. Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Այժմ նոր տեսահոլովակը ցույց է տալիս սառնասիրտ մահապատիժներ: Սրանք ռազմական հանցագործություններ են: ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին: Եվ բոլոր հայ ռազմագերիները պետք է ապահով վերադարձվեն հայրենիք: Հենց հիմա»,- գրել է Շիֆը:

Հոկտեմբերի 2-ին սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված անզեն հայ զինվորականների գնդակահարության տեսանյութը։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը և ՄԻՊ գրասենյակը հաստատել են տեսանյութի իսկությունը․ այս պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի Զինված ուժերի լայնածավալ հարձակման ժամանակ։ Պարզվել է այս արարքի կատարման վայրը, ռազմագերիների ինքնությունը նույնականացվում է։