Բավ է պառակտվել
27-07-2022 11:53

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին «ցանկացած ձևաչափով, որն առավել արդյունավետ լինի»․ Պետդեպ

ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ հիմքի վրա օգնել Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նախօրեին կայացած ճեպազրույցի ընթացքում։

Նրան հարցրել են, թե ինչպես է նա տեսնում հակամարտության կարգավորումը, հաշվի առնելով մի կողմից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական ​​քննադատությունը, մյուս կողմից՝ պետքարտուղարության զեկույցը, որտեղ Մինսկի խումբը դիտարկվում է որպես հնարավոր ելք։

«Մենք հայտարարություններով, այդ թվում, կարծում եմ, երեկվա զեկույցներում, հստակ ասել ենք, որ Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել երկու երկրներին ու համախոհ գործընկերներին ցանկացած ձևաչափով, որն առավել արդյունավետ լինի։ Մենք Մինսկի խմբի համանախագահ ենք 1994 թվականից, բայց, ինչպես ցույց տվեցինք, մենք պատրաստ ենք նաև երկկողմ հիմքի վրա փոխգործակցել երկրների հետ, որպեսզի օգնենք Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»,- ասել է Փրայսը։

Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին հարցրել են նաև,արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կրկնակի առաջարկը Երևանին և Բաքվին՝ օգնելու երկու կողմերին և հեշտացնել գործընթացը նշանակում է, որ նախկին առաջարկները մերժվել են։

«Ոչ, այդպես չէ: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել նրան, ինչը համարում ենք որոշակի առաջընթաց, և մեր հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ շարունակվող փոխգործակցության և դիվանագիտական բանակցությունների շնորհիվ, կարծում ենք, որ կկարողանանք շարունակել այս ընթացքը։ Այսպիսով, պետքարտուղարը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն այդ շենքում կան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց գործընկերների հետ բոլոր մակարդակներում շփումների մեջ են եղել, որպեսզի շարունակեն գործընթացն ու առաջարկեն մեր օգնությունը այս հարցերում։ Մենք ձգտում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,- ասել է Փրայսը:

Հուլիսի 25-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։ Բլինկենն ԱՄՆ-ի պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:
Նույն օրը Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը, մասնավորապես, հորդորել է շարունակել երկխոսությունը, ինչպիսին էր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում, ինչպես նաև կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին: