Բավ է պառակտվել
18-09-2022 11:00

ԱՄՆ-ն ու Մոսկվան քննարկում են ռուսասատանցիներին ամերիկյան վիզաների տրամադրման գործընթացի պարզեցման հարցը

ԱՄՆ Պետդեպարտամենտը Մոսկվայի հետ բանակցություններ է վարում Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունում հյուպատոսական աշխատակիցների թվի ավելացման հնարավորության շուրջ, որպեսզի ռուսաստանցիներն ավելի հեշտ կարողանան ստանալ այդ երկրի մուտքի արտոնագիր։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սա [ռուսաստանցիների համար վիզաների արգելքը] այն չէ, ինչ մենք հիմա կցանկանայինք: Իրականում, մենք նույնիսկ բանակցություններ ենք վարում արտաքին գործերի նախարարության հետ, որ ավելի շատ հյուպատոսական աշխատակիցներ գան Մոսկվա, որպեսզի ռուսաստանցիներն ավելի հեշտ վիզա ստանան։ Սա նույնպես բարդ գործընթաց է»,- ասել է Նուլանդը։

Ի պատասխան Վաշինգտոնի կողմից հայտարարված հակառուսական պատժամիջոցների և ռուս դիվանագետների հերթական արտաքսման՝ Մոսկվան անցյալ տարի սահմանափակումներ մտցրեց Ռուսաստանի և երրորդ երկրների քաղաքացիներին՝ ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչության կողմից աշխատանքի ընդունելու նկատմամբ։ Ավելի ուշ ԱՄՆ դեսպանությունը հայտարարեց, որ «Ռուսաստանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով» Մոսկվայում դիվանագիտական ​​ներկայացուցչությունում վիզային ծառայություններ չեն մատուցվում, առաջարկելով դիմել այլ երկրներում գտնվող ամերիկյան հյուպատոսական գրասենյակներ։

Միևնույն ժամանակ, ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովն ավելի վաղ նշել էր, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները բավարար են ռուսաստանցիներին վիզաներ տրամադրելու համար։ Նա ընդգծել էր, որ դիվանագետների թվի կրճատման գործողությունները սկսվել են ԱՄՆ-ից ռուսաստանցի աշխատակիցների արտաքսմամբ։ Նաև ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս մատնանշել էր, որ ոչ ոք չի խանգարում ամերիկյան դեսպանատանը լրացնել 455 դիվանագետների քվոտան՝ ԱՄՆ-ից աշխատակիցների հաշվին։