Բավ է պառակտվել
14-02-2022 10:49

ԱՄՆ-ն մտադիր է երկու օրվա ընթացքում Կիևից հեռացնել իր բոլոր աշխատակիցներին․ CBS

ԱՄՆ իշխանությունները մտադիր են միջ ժամում միջոցներ ձեռնարկել, որպեսզի ներկայումս Կիևում գտնվող ամերիկացի բոլոր ծառայողները 24-48 ժամում մեկնեն այնտեղից։ Այս մասին թվիթերում գրել է CBS հեռուստաընկերությունը։

Նրա աղբյուրների համաձայն՝ «[ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմը պատրաստվում է առաջիկա 24-48 ժամվա ընթացքում դուրս բերել ԱՄՆ ողջ անձնակազմին Կիևից»։ Հեռուստաընկերությունը չի նշում, թե որ գերատեսչությունների աշխատակիցների մասին է խոսքը։ Բացի այդ, չի պարզաբանվում, թե արդյոք դա նշանակում է, որ նրանք կլքեն Ուկրաինան։

Ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությունը կիրակի օրը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինը և այլ ամերիկացի դիվանագետներ Կիևից տեղափոխվում են Լվով։

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն նույն օրն ավելի վաղ CNN-ին ասել էր, որ ամերիկյան իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում հրահանգել Կիևում ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցներին հեռանալ:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը «կապված Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակվող սպառնալիքի հետ» կարգադրել էր Կիևում գտնվող իր դիվանագետների մեծ մասին լքել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես շաբաթ օրը բացատրեց ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, դեսպանատան աշխատակիցների մեծ մասի տարհանումը չի նշանակում դեսպանատան գործունեության կասեցում կամ փակում։ Պաշտոնյան ընդգծել է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը դադարեցնում է հյուպատոսական ծառայությունների մեծ մասը, իսկ ԱՄՆ-ն «սահմանափակ քանակությամբ շտապ հյուպատոսական ծառայություններ կտրամադրի Լվովից»:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը լրջագույն հետևանքներ կունենան։