Բավ է պառակտվել
30-11-2022 11:21

ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններում. դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս ակտիվորեն ներգրավված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում, մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացներին։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը։

«Երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, մեր առաջնահերթություններն են աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում տրանսպորտային և կապի միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Եվ, իհարկե, հիմնարար է տարածաշրջանում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ողջ բնակչության իրավունքների պաշտպանությունն»,- ասել է դեսպանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ Մինսկի խմբի թեմային՝ Քարփենթերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն վերջերս նշանակել է Մինսկի խմբի նոր համանախագահ Ֆիլ Ռիկերին։

«Կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մինսկի խմբի համանախագահների միջև հանդիպումներ այժմ չեն անցկացվում մի շարք պատճառներով, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի պատճառով: Ներկայումս (ղարաբաղյան հակամարտության) երկու կողմերի միջև խաղաղ գործընթաց է ընթանում, որը գլխավորում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Միացյալ Նահանգները մեծապես աջակցում են այս գործընթացին»,- ընդգծել է դիվանագետը։

Այս համատեքստում Քարփենթերը կրկնել է, որ ԱՄՆ-ը շատ սերտորեն աշխատում է երկկողմ մակարդակով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ «օգնելու որտեղ և երբ հնարավոր է, շատ սերտ խորհրդակցելով ԵՄ մեր գործընկերների հետ»: