Բավ է պառակտվել
13-02-2023 09:58

Թուրքական էլիտայի համար նշանակություն չունեն Հայաստանի ջանքերը․ ընդդիմադիր պատգամավորը՝ հարաբերությունների կարգավորման մասին

Հայաստանի ջանքերը թուրքական էլիտայի համար որևէ դերակատարություն չունեն։ ն Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երախտագիտության բացակայությունը միայն ցույց է տալիս, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը թուրքական վերնախավի համար նշանակություն չունեն։

Նա նշել է, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանար կարգավորել հարաբերությունները, ապա սահմանը բաց կլիներ ոչ միայն մարդասիրական օգնության համար։

«Տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները բոլորովին այլ են. Դրանք ենթադրում են ագրեսիայի կամ ճնշումների միջոցով Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ ամբողջությամբ վերահսկղության հասնելը։ Այդ ճանապարհը նրանք կգնան փափուկ ուժի կիրառման, թե ագրեսիայի միջոցով, ցույց կտա ժամանակը»,- ասել է Աբրահամյանը։

Շաբաթ օրը Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա Մարգարա կամրջով, որը փակ է 1993 թվականից։ Ավելի վաղ, երկրաշարժերի հետևանքները վերացնելու նպատակով Թուրքիա էին մեկնել հայ փրկարարները։