Բավ է պառակտվել
17-01-2023 17:30

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ վերականգնել անխափան երթևեկը Լաչինի միջանցքով

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը Լաչինի միջանցքով` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում։

Խոսելով պարտավորությունների մասին՝ Քարփենթերը մեջբերել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերը «Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով», հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները անհանգստացած է այն բանով, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան երեք շաբաթ, առաջացնելով սննդամթերքի, դեղորայքի և այլ ապրանքների լուրջ պակաս Լեռնային Ղարաբաղում», - ասել է դեսպանն՝ ընդգծելով, որ Լաչինի ճանապարհով մասնավոր և կոմերցիոն երթևեկության շարունակվող խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ կարևոր օգնություն ցուցաբերելու համար, և կոչ է արել Ադրբեջանին՝ ապահովել հարգանքն այս տարածքում ապրող բնակչության իրավունքների, անվտանգության և բարեկեցության նկատմամբ:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից», - նշել է Քարփենթերը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ դիրքում են գտնվում՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: «Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել», - ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։

«Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - ասել է Քարփենթերը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ բազմակողմանիորեն՝ այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման: