ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական կարիերայի հետ կապված նոր վարկածներ են շրջանառվում: ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը մտադիր է նոր քաղաքական կուսակցություն հիմնել, որին, հնարավոր է, միանա Օհանյանը:
Օրերս Վիկտոր Դալլաքյանը ասուլիսի ժամանակ թեև չի հաստատել, բայց նաև չի հերքել, որ իրեն կմիանա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Դալլաքյանին կմիանա նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։ Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը», -հայտնում են աղբյուրներն ու նշում, որ Դալլաքյանն ու Զաքարյանը վաղեմի ընկերներ են։
Բացի այդ, այս երեքին միավորում է նաև Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը։ Ի դեպ, Իշխան Զաքարյանն ու Սեյրան Օհանյանը նաև «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են: