Բավ է պառակտվել
25-05-2021 13:29

Ստատուս քվոն պետք է վերականգնվի․ Զատուլինը՝ Ադրբեջանի սադրանքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանն օգտվել է իրավիճակից Հայաստանում, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում նրա գործողությունները, վստահ է ռուսաստանցի պատգամավորը։

Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում ստատուս քվոն պետք է վերականգնվի։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Խոսելով Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման մասին, Զատուլինը կարծիք է հայտնել, որ Բաքվի համար նման հնարավորություն է ստեղծվել այն պատճառով, որ հայ սահմանապահները պարզապես կոնկրետ այդ հատվածներում չեն եղել։ «Այդ հեռավորությունը հաղթահարելու ֆիզիկական հնարավորություն են տվել»,-նշել է ռուսաստանցի պատգամավորը։
Պատգամավորը կարծում է, որ Ղարաբաղում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում Հայաստանի ԶՈւ պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Զատուլինի տեսանկյունից՝ կատարվածը Հայաստանում ներքին պառակտման արդյունք է։ Միաժամանակ, նրա խոսքով, դա ոչ մի կերպ չի արդարացնում Բաքվի սադրանքը, որը փորձում է «որսալ պահը»։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է «ախտորոշվի»։ Ստատուս քվոն պետք է վերականգնվի»,- ասել է Զատուլինը։

Ադրբեջանական զինուժը մայիսի 12-ից գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով ամրապնդվել այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ:

Այս ընթացքում բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել ռուսական կողմի միջնորդությամբ: Հակառակորդը լքել է տարածքի մի մասը, բայց չի շտապում ամբողջությամբ հեռանալ: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից: Միևնույն ժամանակ, հայ զինվորականները լիակատար վերահսկողության տակ են առել ադրբեջանական զորքերի մատակարարման ուղիները: Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է դիմել ուժային տարբերակի, եթե բանակցությունները հաջողության չհանգեցնեն:

https://www.youtube.com/watch?v=E-vaLJ2AbD4&t=1s