Բավ է պառակտվել
18-05-2016 14:37

Ստեփանակերտն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Բաքուն շարունակում է հայկական կողմին մեղադրել ապրիլի սկզբին արգելված արկեր կիրառելու մեջ: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ հայկական զինված ուժերը սպիտակ ֆոսֆոր պարունակող արկեր են կիրառել, ապատեղեկատվական հնարք է, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին հայտնել էր, որ հայկական կողմն իբր թե Ղարաբաղում շփման գծում սպիտակ ֆոսֆոր պարունակող արկեր է կիրառել: «Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն առ այն, թե իբր 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած առճակատման ընթացքում «հայկական զինված ուժերը ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով», ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք», — այս մասին Հասրաթյանը գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: Ավելի վաղ Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտնել էր Ղարաբաղում շփման գծում չպայթած ֆոսֆորային արկի հայտնաբերման մասին: Հայաստանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն հերքել էին նման զինամթերք կիրառելու մեղադրանքները: Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։