Բավ է պառակտվել
16-01-2020 13:04

Խիստ է, սկզբունքային, կիսով չափ հայ. Կարծիքներ՝ Ռուսաստանի ապագա վարչապետ Միխայիլ Միշուստինի մասին

Մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունն ամբողջ կազմով հայտարարեց հրաժարականի մասին:

Այս լուրը մեծ անակնկալ մատուցեց, և լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել մեծ քանակությամբ լուրեր կառավարության ղեկավարի պաշտոնի ապագա թեկնածուների վերաբերյալ։ Բոլոր լուրերը ցրեց անձամբ նախագահը, երբ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ վերջինս առաջարկեց զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Միշուստինը համաձայնվեց

Լրատվամիջոցները մեկը մյուսից առաջ սկսեցին տեղեկություններ հրապարակել վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Ի թիվս այլ բաների, բազմիցս ասվում է, որ Միշուստինը կիսով չափ հայ է, սակայն հաստատված տվյալներ չկան: Այս մասին գրել է business-gazeta.ru- ն:

Սկզբունքայի և կոշտ մարդ

Բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի կառավարիչ է Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուն: Forbes-ին տված հարցազրույցում դաշնային հարկային ծառայությանը մոտ կանգնած անանուն զրուցակիցը նշել է, որ նախագահը գնահատում է Միշուստինին:

“Սկզբունքային, կոշտ տղամարդ է, կոշտ՝ անհրաժեշտության դեպքում: Նա կարողանում է պաշտպանել իր սկզբունքները: Նա տեսլական ունեցող տեխնոկրատ է: Դրա ապացույցն է հարկային ծառայությունն, այն՝ թե ինչպես նա վերափոխեց այս գերատեսչությունը”, - մեջբերում է հրատարակությունը կառավարությունում Միշուստինի նախկին գործընկերոջ հիշողությունները վարչապետի թեկնածուի մասին:

Միևնույն ժամանակ, մեկ այլ նախկին պաշտոնյա նշում է նաև Միշուստինի՝ իր գաղափարներն առաջ մղելու և խնդիրները լուծելու կարողությունները:

“10-15 տարի առաջ ձեռներեցներն ասում էին, որ հարկային մարմիններն իրենց շատ են անհանգստացնում: Իսկ այժմ նրանք խնդիրներ չունեն հարկայինի հետ, չնայած չի կարելի չվճարել հարկերը: Միշուստինը կառուցեց ծառայությունն այնպես, որ ոչ թե նա է գնում սովորելու Արևմուտքում, այլ իր մոտ են այնտեղից գալիս: Հարկային ծառայությունը ֆանտաստիկորեն հաջողված նախագիծ է”, - ասել է նա:

Իր հերթին, Forbes-ը մեջբերում է Պետական Դումայի Ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Աքսակովի կարծիքը Միշուստինի մասին, ով նշել է, որ վարչապետի պաշտոնի թեկնածուն շատ արդյունավետ անձնավորություն է, պրոֆեսիոնալ, խոսքի տեր մարդ:

“Նա ստեղծեց հարկային վարչարարության շատ ժամանակակից համակարգ, այժմ այն աշխարհում լավագույններից է, այն ուսումնասիրում են այլ երկրների փորձագետները: Համակարգը լուծում է կառավարության մակարդակով խնդիրները: Միշուստինին հաջողվեց նաև արդյունավետորեն լուծել սերտիֆիկացման կենտրոնների խնդիրը, որոնք զանգվածաբար մեկօրյա ֆիրմաներ էին գրանցում: Նա կարող է կատակել, բայց շատ խիստ է ինչպես իր, այնպես էլ իր ենթակաների նկատմամբ՝ խնդիրների կատարման առումով: Այս մարդը կարող է կառավարությունում ձևավորել թիմ և ուղղահայաց կառուցել ազգային նախագծերի և նախագահի ուղերձների իրականացման համար”, - ասել է նա:

Թվային տնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ Գերման Կլիմենկոն ասել է, որ հարկային վարչությունը, որը ղեկավարում էր Միշուստինը, այժմ մեծ տվյալների (big data՝ խմբ) և արհեստական բանականության շուկայի ուժեղագույն խաղացողներից է:

Նոր կառավարության առաջնահերթությունները

“Միշուստինն ասել է, որ խմբակցությունների հետ կքննարկի նախարարների թեկնածությունները: Վարչապետի թեկնածուն նշել է, որ փոփոխություններ կլինեն (նոր կառավարության կազմում)”, - “Եդինայա Ռոսիա” խմբակցության հետ Միշուստինի հանդիպումից հետո ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Դումայի “եդինոռոսների” ղեկավար Սերգեյ Նեվերովը։

Նա նաև հայտնել է, որ իր աշխատանքի առաջնահերթությունների շարքում Միշուստինը նշել է ազգային նախագծերը և թվային տնտեսությունը:

“Թվային տնտեսության գերակայությունը, ազգային նախագծերի վրա հիմնվելը”, - ասել է գործակալության զրուցակիցը։