Բավ է պառակտվել
10-09-2020 11:26

«Մարդկանց արած առևտուրն ու տրված ՀԴՄ-ները ցույց են տալիս՝ ճգնաժամ չունենք». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աներկբա է, որ կորոնավիրուսն էական սոցիալական և տնտեսական վնասներ է պատճառել, սակայն կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են այդ վնասները։

«Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են, այստեղ մենք միշտ ունենում ենք խնդրներ՝ ունենալու ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում, և որքանով է սոցիալական իրավիճակը սրվել։ Հարցը հետևյալն է՝ կա՞ն ցուցանիշներ, որոնք մեզ կօգնեն հասկանալ, թե ինչ վիճակի սոցիալական վատթարացում է տեղի ունեցել երկրում։ Կարծում եմ՝ ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառությունը կարող է այդ մասին վկայել։ Խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, այսինքն՝ վերլուծությամբ չեն այդ թվերը ստացվում, այլ ստացվում են կոնկրետ արված առևտրով և բաց թողնված ՀԴՄ կտրոններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնելով տվյալները՝ վարչապետն ասաց, որ 2019 թվականի օգոստոսի համեմատ, այս տարվա օգոստոսին ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով, որը վերաբերում է առևտրի բոլոր կենտրոններին՝ խանութներից մինչև ռեստորաններ։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ նման ցածր ցուցանիշ նոր է հաստատվել, քանի որ մարտից սկսած այդ ցուցանիշը բավականին բարձր է եղել։

«Այս թիվն ինքնին պետք է վկայի այն մասին, որ, իհարկե, սոցիալական խնդիրներ կան, բայց սոցիալական խնդիրներ եղել են նաև 2019 թվականին, մենք սոցիալական ճգնաժամ ու կոլապս չունենք։ Իհարկե, այստեղ կարող է փաստարկ հնչել, որ առևտրի շրջանառությունը 2,5 տոկոսով նվազել է օգոստոսը՝ օգոստոսի համեմատ, բայց այստեղ են տասնյակ, գուցե ավելի շատ մարդիկ, որոնք նախորդ տարի ՀՀ-ում չէին և արտագնա աշխատանքի էին մեկնել, բայց այսօր այստեղ հավանաբար առևտրով են զբաղվում։ Բայց մյուս կողմից՝ այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք ակնհայտորեն և տրամաբանորեն շատ ավելին են ծախսում մեր երկրում գտնվելիս, քան տեղացիները։ Բացի այդ, չեն աշխատել կինոթատրոնները, թանգարանները, հյուրանոցներն ընդհանրապես դատարկ են, ուղևորափոխադրումներից տոմսեր չեն գնել։ Այս թվերն աներկբա ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա»,- շեշտեց վարչապետը։