Բավ է պառակտվել
26-02-2020 14:33

Սուրեն Պապիկյանը ՀՔԾ-ը հրավիրվելու ու «Այո»–ի քարոզարշավի մասին

Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբը քարոզչությունը նախատեսել է իրականացնել մի քանի շերտով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Նա հայտնեց, որ ակտիվ քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ին, կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ:
Պապիկյանն ասաց, որ գործադիրի այն անդամները, որոնք կմեկնեն արձակուրդ, կմասնակցեն քարոզչությանը, ինչպես նաև աշխատանքային ժամերից դուրս, ԱԺ պատգամավորները նույնպես, հիմնականում մարզերից ընտրվածները, քարոզչություն կիրականացնեն այդ մարզերում:
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին միանալու է մարտի 10-11-ից սկսված:

Հարցին՝ քարոզարշավի ընթացքում Երևանում մեծ հանրահավաք նախատեսվո՞ւմ է, բանախոսը պատասխանեց, որ այդպիսի որոշում առայժմ չկա:
Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ գյուղապետ, մարզպետ, թե թաղային հեղինակություն:«Ցուցումը հստակ է. բոլորը գործում են իրենց լիազորթյունների շրջանակում, այն է՝ քարոզչություն իրականացնել: Ոչ ոք չի կարող ինձ հաճոյանալու համար մարդկանց ստիպել ինչ-որ բան անել», - ասաց բանախոսը՝ նշելով, որ հանրաքվեի ժամանակ օրինախախտումներ թույլ տված անձինք կպատժվեն:

Սուրեն Պապիկյանը շեշտեց՝ քարոզարշավի ժամանակ իրենք ընտրողներին ասելու են, որ բոլոր մարմինները պետք է լինեն հավասարակշռված:
Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար քվե տալ, Ս. Պապիկյանը պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել: Պրոցես է, և մենք մեր քաղաքացիների հետ բաց ենք: Մենք հնարավորություն ենք ընձեռնել Հայաստանի քաղաքացուն ինքը որոշի, թե ինչպիսի ընթացք է ուզում ունենալ մեր երկիրը: Չկա առավել ժողովրդարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն: Դա մեր քաղաքացիների ձայնի ու կամքի արտացոլումն է լինելու: Եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականաբար, մենք պետք է հաշվի նստենք այդ իրականության հետ»:
Նրա խոսքով խախտողները հավասարապես պատժվելու են:
Պապիկյանի կարծիքով, կա ձևավորված ընդհատակյա «Ոչ»-ի շտաբ: Նա նշեց, որ բոյկոտի կոչը շատ ավելի վատ երևույթ է, քան դուրս գալ և ասել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են այսինչ հիմնավորումներով։ Հարցին՝ հաշվարկե՞լ եք քանի կիլոմետր ճանապարհ կարելի էր վերանորոգել պետական բյուջեից հանրահավաքի համար հատկացրած գումարով և արդյոք արժե այդքան ծախսել հանրահավաքի վրա, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «3,5 միլիարդը բազմապատկեք, մոտավորապես 1 կիլոմետր հիմնանորոգումն արժենում է 120 միլիոն դրամ: Իհարկե, արժե, ու մենք ծախսում ենք, ու այն ծախսը, որ կատարվում է, կատարվում է իր նպատակի համար»:
Պապիկյանը անդրադարձ կատարեց նաև մամուլում իր կյանքին վերաբերող որոշակի դրվագների, այն է՝ նախկինում ունեցած դատվածության մասին ինֆորմացիայի հրապարակմանը:
«Ասել եմ այն, ինչ պետք է ասեի, ես որևէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է։ Իմ խնդիրը լրագրողի հետ չէ, ԶԼՄ-ի հետ չէ, այլ պետական պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս հանողի հետ: Հայաստանում նման դեպք չպիտի լինի: Ինչը գաղտնի է, պետք է մնա գաղտնի: Իմ նպատակն է պարզել, թե ինչ կերպ է պաշտոնյային վերաբերող ինֆորմացիան դուրս եկել: Առանց իմ իմացության իմ մասին տեղեկությունը չէր կարող դուրս գալ: Ինֆորմացիան վեր հանողը պետք է պատասխանատվություն կրի», - ասաց նա:

Վերջում Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ գործով երկու օր առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, կունենա տուժողի կարգավիճակ:

 

Արմինե Գևորգյան