Բավ է պառակտվել
21-10-2018 14:51

“Դաժան իրականություն” ԱՄՆ դեսպանի կողմից․ Հայաստանի նոր իշխանությունների ամրության փորձությու՞ն

Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս վշտացրել է հայ հասարակությանը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իր հայտարարություններով։ “Evnreport՞ -ին տված հարցազրույցում Միլսը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պահանջում է “գրավյալ տարածքների” որոշակի մասի վերադարձ։ Նրա խոսքերով՝ սա է “դաժան իրականությունը”։ Նա իր զարմանքն է արտահայտել, որ Հայաստանում փաստորեն ընդհանրապես չեն ընթանում քննարկումներ “կարգավորման ընդունելի ճանապարհի կամ փոխշիջոիմերի” շուրջ։ “Այն, ինչ ես լսել եմ՝ մի փոքր ամհանգստացնող է, քանի որ թվում է, հետընթաց քայլ ենք անում։ Երբ ես նոր ժամանեցի Հայաստան, բացահայտելցի, որ հայերի մեծ մասն, ում հետ ես զրուցում էի, կտրականապես դեմ էր խաղաղ կարգավորման շրջանակներում գրավյալ տարածքների վերադարձին։ Երկար տարիներ իմ կառավարության հասկացությունն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե նվաճվել էին, որպեսզի հետագայում օգտագործվեն «հողը՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում: Եվ ես շատ զարմացա, երբ հայտնաբերեցի, որ այս տարբերակն այլևս ոչ մի աջակցություն չունի », - ասել է դիվանագետը: Ընդ որում Միլսը նշել է, որ հասկանում է, որ 2016թ․ ապրիլյան պաըերազմը ավելի է սրել հայերի ընկալումը։
Մեկնաբանելով դիվանագետի խոսքերը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանք անվանել է հեռացող դեսպանի հայտարարություն, ընդգծելով, որ Երևանը հստակ արտահայտել է իր դիքրորոշումը խնդրի շուրջ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք Միլսի վերջին հայտարարությունն անակնկալ էր, ասել է․ “ես չեմ ցանկանում անակնկալների մասին խոսել։ Անակնկալներ լինում են ամեն օր”։ “Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք անել այն, ինչ պետք է անենք այդ շրջանակներում”,- հավելել է նախարարը։
Այն փաստը, որ Միլսը հեռացող դեսպան է, քիչ բան է փոխում, քանի որ դա արտահայտում է ԱՄՆ պԵտդեպի դիրքորոշումն, իսկ երկրից հեռանալու հանգամանքը, միգուցե, հնարավորւթյուն է տալիս դեսպանին անգամ ավելի ազատ արտահայտվել։ Եթե սա պետդեպի՝ հեռացող դեսպանի միջոցով Երևանին հասցեագրված յուրօրինակ ուղերձ է, ապա հայկական իշխանությունները կատակելու փոխարեն պետք է ավելի լուրջ խորհեն այդ հարցի շուրջ։ Վերջիվերջո, ԱՄՆ ոչ միայն գերտերութրում է, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահ, այսինքն՝ ղարաբաղյան կարգավորման միջնորդ։ Բացառված չէ, որ Վաշինգտոնը ցանկանում է դեսպանի միջոցով հող շոշափել այս ուղղությամբ հետագա գործողությունների համար, ստուգել Հայաստանի իշխանությունների ամրությունը։ Փաստաթղթի համաձայն, հակամարտությունը պետք է լուծվի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շրջանակներում: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թ. «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտության կողմերը մի քանի անգամ մոտ են եղել փաստաթղթի ստորագրմանը, որտեղ այդ սկզբունքները հստակորեն արտացոլված էին: “Այսինքն, հայկական 2 կողմը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, դուրս են գալիս այն տարածքներից, որոնք այժմ հանդիսանում են անվտանգության գոտի, այն տարածքներից, որոնք ադրբեջանցիները անվանում են գրավյալ: Սակայն այնտեղ առաջին կետով հստակ նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության հիման վրա: Այս ազատ կամարտահայտությունն ունի պարտադիր իրավական ուժ, այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, որն է օրակարգը: Այսինքն՝ հանրաքվե: Սա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր: Սակայն ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր ներկայացնում”, - ասել է պետության նախկին ղեկավարը: Թեև, հանուն արդարության, Ռիչարդ Միլսը կարող էր հիշատակել իր հարցազրույցում ժողովուրդների ազատ կամարտահայտության սկզբունքը։ Խոսելով հակամարտության կարգավորման մասին, իշխանությունները Երևանում ամենից հաճախ մատնանշում են այդ կետը, այսինքն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հանրաքվէ անցկացնելու իրավունք ունենա։ Միգուցե, այս ձևով ԱՄՆ՝ որպես միջնորդ, ցանկանում էր հիշեցնել, որ, ի վերջո, հայկական կողմը ստիպված առերեսվելու է այդ շրջաններն Ադրբեջանին հանձնելու դաժան իրականություն հետ, և արդեն ժամանակն է նախապատրաստել հասարակությանը նման հեռանկարին։
Հայ հասարակությունն իրոք պատրաստ չէ իրադարձությունների նման զարգացմանը, և Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները Ադրբեջանին հանձնելու հնարավորության մասին խոսացող ցանկացած քաղաքական գործչի սպառնում է քաղաքացիների զայրացած արձագանքի վտանգը։ “Թավշյա հեղափոխության” արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազիվ թե վտանգի իր բարձր վարկանիշը և հանրային աջակցությունը և բարձրացնի այդ հարցը, հատկապես՝ իր քաղաքական ապագայի համարվճռական դեր ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։
Բացի այդ, հարց է ծագում, ինչու՞ Հայաստանում և Ղարաբաղում մարդկանց պետք է սովորեցնեն համակերպվել այն մտքի հետ, որ պետք է վաղ թե ուշ հրաժարվել որոշակի տարածքներից, երբ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են թույլ տալ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հավանականությունը, հավակնում են ստանալ ամբողջ Ղարաբաղը և, անգամ՝ Հայաստանը։ Այսպիսով, դեսպան Միլսին, ով հազիվ թե տեղյակ չէ ադրբեջանական իշխանությունների մշտական ռազմատենչ հայտարարությունների մասին, չպետք է զարմացներ ”անվտանգության գոտի” համարվող տարածքները զիջելու հայերի պատրաստակամության բացակայությունը, հատկապես՝ 2016թ․ապրիլի իրադարձություններից հետո: Դեսպանի “հող՝ խաղաղութւայն դիմաց” բանաձևի վերաբերյալ ասվածը նույնպես ճիշտ չէ, քանի որ Հայաստանը բոլոր այս տարիների ընթացքում բանալցությունները վարում է առնվազն հանուն Ղարաբաղի կարգավիճակի, այլ ոչ խաղաղության։ Եթե հայկական կողմը ստիպված լինի հրաժարվել այդ տարածքներից, ապա առնվազն չճանաչված հանրապետության կարգավիճակի դիմաց, քանի որ Ղարաբաղն այս հակամարտության հաղթած կողմ է։
Ամերիկացի դիվանագետը նշել է նաև, որ չլուծված հակամարտությունը պայմաններ է ստեղծում Հայաստանում կոռուպցիայի համար։ Այս տարիների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի տնտեսությունը իրոք դանդաղ է զարգանում է, իսկ փակ սահմանները երբեք չեն հանդիսացել կոռուպցիայի ծաղկման միակ պատճառը։ Կան բաց սահմաններով, սակայն միևնույն խնդիրներն ունեցող բազմաթիվ երկրներ, մանավանդ, որ Հայաստանի նոր իշխանությունները փակ սահմանների պայմաններում էլ են սկսել անողոք պայքարն այս երևույթի դեմ։
Ամերիկայի դեսպանի բավական ուղղամիտ հայտարարությունների պատճառ կարող էր հանդիսանալ վարչապետի ոչ միանշանակ դիրքորոշումը Ղարաբաղի հիմնահարցի շուրջ։ Իշխանության գալով, Փաշինյանը նախ հայտարարել էր, որ մտադիր չէ բանակցություններ վարել Ղարաբաղի անունից, որ Ստեփանակերտը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով, ապա՝ պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ, իսկ այժմ հայտարարել է վերջինիս հետ օպերատիվ կապ հաստատելու մասին։ Վարչապետի պաշտոնակատարը հոկտեմբերի 18-ին ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանում և Ղարաբաղում շփման գծում աննախադեպ անդորր է, ինչը որոշ չափով սեպտեմբերի վերջին Դուշանբեում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է։ “Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ։ Կարող ենք ասել, որ օպերատիվ տվյալները կես ժամվա ընթացքում կհասնեն Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի՝ տեղեկատվությունը մեզ կհասնի”,-ասել է Փաշինյանը։ Դեռևս դժվար է ասել, ինչ կտա նման կապը հայկական կողմին, սակայն իրավիճակի կայունությանն ուղղված ցանկացած քայլ արդեն առաջընթաց է։
Հատկանշական է, որ հոկտեմբերի վերջին, ենթադրաբար 24-25-ին, տարածաշրջանային այցով Հայաստան և Ադրբեջան է ժամանելու Ամերիկայի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Բոլթոնին հաճախ անվանում են ամերիկյան “բազե”, նա արտաքին քաղաքականության մեջ կոշտ մոտեցումների կողմնակից է, հայտնի է հակառուսական և հակաիրանական դիրքորոշմամբ։ Ամերիկացի պատվիրակը կարող է հանդիսանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փաշինյանի հանդիոպումը կազմակերպելու անմիջական միջնորդ, ինչին երկար ամիսներ ձգտում է հայկական կողմը։

 

Հեղինակային հոդված