Բավ է պառակտվել
09-09-2018 19:35

Ինչի՞ մասին է Փաշինյանը պայմանավորվել Պուտինի և ռուսաստանյան գործարարների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուս-հայկական հարաբերությունները փայլուն է բնութագրել: «Մեր հարաբերություններում, որևէ ուղղությամբ խնդիրներ չկան», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում Կրեմլի բանակցություններից անմիջապես հետո:
Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նկատել են շատերը, Փաշինյանը մատնանշել է միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Նա հույս է հայտնել, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները հետագայում ևս կկառուցվեն` հաշվի առնելով երկու երկրների շահերը:
«Ես կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, և մենք, իհարկե, այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ: Վստահ եմ, որ այդ խնդիրները կլուծվեն, և մենք կհենվենք մեր դաշնակցային հարաբերությունների շահերի հարգանքի, մեր երկրների ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա», - ասել է նա: Չնայած երկու երկրների լրատվամիջոցներում հոռետեսական հրապարակումների, համագործակցությունը դինամիկ զարգանում է, նշել է Փաշինյանը:
Ռուսաստանի ղեկավարն իր հերթին նշել է, որ մինչ այժմ երկու երկրների հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով:
Պուտինը շեշտը դրել է համագործակցության տնտեսական բաղադրիչի վրա, հիշեցնելով, որ Ռուսաստանը վստահորեն առաջին տեղում է Հայաստանի տնտեսական գործընկերների շրջանում: «Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք և այստեղ կարելի է նշել, որ այդ առումով հարաբերությունները բավականին դիվերսիֆիկացված են: Դա և էներգետիկ ոլորտն է, ընդ որում նաև ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում “Գազպրոմի” գազի վաճառքի աշխարհում ամենացածր գնով՝ 1000 կուբամետրը 150 դոլարով։ Դա և ատոմային էներգետիկան է, ջերմային էներգիայի արտադրությունը։ Զարգանում են մեր հարաբերությունները մետալուրգիայի ոլորտում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, ինչպես նաև մեքենաշինության ոլորտում», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Արջձանագրվել է, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն 22,2 տոկոս է կազմել:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյանը նշել է, որ ռուս-հայկական բարձր մակարդակի հարաբերությունները չեն խոչընդոտում Հայաստանի այլ գործընկերների հետ կապերի զարգացմանը: «Հաջորդ շաբաթ ես նախատեսում եմ աշխատանքային այց կատարել Ֆրանսիա, որտեղ հանդիպելու եմ նախագահ Մակրոնի հետ: Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետը, վերջերս հանրապետություն է այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ես մասնակցելու եմ նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին », - ասել է ՀՀ վարչապետը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ որոշ երկրների հետ հարաբերությունները չեն զարգանալու մնացածների հաշվին: «Ավելին, որևէ ուղղությամբ մեր հարաբերությունները չեն կարող զարգանալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Կարծում եմ, սա ակնհայտ է բոլորի համար», - ավելացրեց է Փաշինյանը:
Փաշինյանի՝ Մոսկվա այցի հանդեպ սևեռուն ուշադրությունը պայմանավորված էր երկու երկրների հարաբերություններում վերջերս ի հայտ եկած լարվածությամբ: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բանակցությունների մասին տեղեկացնելիս հայտնել է առաջիկա «լուրջ զրույցի» մասին: «Շատ հարցեր են կուտակվել, ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմում, ուստի մենք ակնկալում ենք մի անկեղծ, լուրջ քննարկում բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են թե՛ երկկողմ համագործակցությանը և թե՛ համատեղ աշխատանքին միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում որևէ խնդրի չկա՝ ռուսական ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում անընդհատ խոսվել է Մոսկվայի դժգոհության մասին՝ Հայաստանի նոր ղեկավարության քաղաքականությունից։ Այն մասին, որ Ռուսաստանը հավանություն չի տալիս հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարության գործողություններին, կարելի է հասկանալ նաև Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերից: Հուլիսին, երբ հայտնի դարձավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ներկայիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումների մասին, նախարարը նշել էր, որ Հայաստանում այդ իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենք հրաժարվում են իրենց քաղաքական նախորդներին հետապնդումներից:
Սեպտեմբերի սկզբին Լավրովը կրկին մեկնաբանել է իրադարձությունները Հայաստանում, մտահոգություն հայտնելով, որ իրավիճակը երկրում շարունակում է «եռալ»։
«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ քննվում են տասնամյա վաղեմության գործեր, ձերբակալություններ են արվում»,- ասել է ԱԳՆ ղեկավարը, միաժամանակ նշելով, որ դա Հայաստանի ներքին գործն է։
«Մենք ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը հիմնված լինեն օրենքի, սահմանադրության ամուր հիմքերի վրա և հնարավորինս արագ լուծվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրների վրա»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Պատասխանելով բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների մասին լրագրողների հարցերին՝ Փաշինյանը հայտնել է, որ նա Պուտինի հետ չի քննարկել 2008թ․սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանում հետախուզումը չեղարկելու հարցը։ Ավելի վաղ, «Ինտերֆաքսը», հղում անելով իր իրազեկ աղբյուրին հայտնել էր, որ Մոսկվայում նախնական որոշում է կայացվել մերժել արտահանձման հայցը, քանի որ Միքայել Հարությունյանը 2002 թ․-ից ռուսական անձնագիր ունի, իսկ սահմանադրության համաձայն Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում արտասահմանյան երկրներ՝ այդ թվում և քրեական պատասխանատվության ենթարկվելու համար։ Մինչդեռ, ըստ Փաշինյանի, դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է:
Հատկանշական է, որ փորձագետները, վերջին իրադարձությունների ֆոնին կանխատեսում էին Ռուսաստանից մատակարարվող գազի գների հնարավոր աճ: Սակայն, հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է էներգետիկ ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատելու՝ Պուտինի հետ պայմանավորվածության մասին: Վարչապետը նշել է, որ ռուսական գազը Հայաստան է հասնում բավականին ցածր գնով, սակայն սպառողն այն երկու անգամ ավելի բարձր սակագով է ստանում:
«Անհրաժեշտ է հասկանալ գնագոյացման մեխանիզմը և թե ինչպես այս գործընթացն ավելի արդյունավետ դարձնել: Մենք համաձայնեցինք Պուտինի հետ միասին աշխատել այդ ուղղությամբ », - ասել է նա:
Ոչ պակաս հետաքրքրություն է առաջացրել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայազգի ռուս գործարարների հետ: Վարչապետը նշել է Հայաստան - Սփյուռք հարաբերությունները վերաիմաստավորելու անհրաժեշտությունը: «Բարեգործության տրամաբանությունը անհրաժեշտ է փոխարինել աշխատանքի տրամաբանությամբ », - ասել է նա, հավելելով, որ այս կառավարության նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները ներդրումներ անեն Հայաստանում և նոր աշխատատեղեր ստեղծեն՝ հաշվի առնելով իրենց բիզնես շահերը և ելնելով շահույթ ստանալու տրամաբանությունից։
Մինչդեռ ռուսաստանցի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն անհարգալից է անվանել Հայաստանի գործող իշխանությունների վերաբերմունքն արտասահմանյան գործարարների և հանրապետությունում վերջիններիս գործունեության նկատմամբ: Վարդանյանին վիրավորել է իշխանությունների նամակն այն մասին, որ Հայաստանում երկու տարի շարունակ գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը» փակվում է։
«Ես ու ընկերներս վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 միլիոն դոլարի ներդրում ենք կատարել Հայաստանում։ Դա քիչ գումար չէ։ Արե՛ք ինչ ուզում եք, պարզապես կարծում եմ, որ պետք է պահպանել երկխոսության ռեժիմն ու միմյանց ականջալուր լինելու փորձերը։ Դուք իրավունք ունեք անել ամեն բան, ինչ կապված է ձեր կազմակերպությունների հետ, բայց եթե դա մասնավոր սեկտորի հետ համատեղ է ստեղծվել, իսկ դուք դրան նույնիսկ չեք հարցնում, այլ տեղեկացնում եք, որ պետք է փակեք, ապա կարծում եմ, որ այդ ձևն առնվազն հարգալից չէ», — ընդգծել է Վարդանյանը։
Նա կոչ է արել գործնական հանդիպման ժամանակ գործարարների հետ խոսել թվերով, այլ ոչ թե կարգախոսներով։ Վարդանյանն ավելացրել է, որ կարելի է երկար խոսել ու մտորել այն մասին՝ ինչ է պետք անել ներդրումներ գրավելու համար, սակայն բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն ու լռություն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել ու դա անխուսափելի է։ Վարչապետն ասել է, որ ինքն էլ է ցնցված Հայաստանում գոյություն ունեցած համակարգից, որտեղ կառավարման պետական համակարգին զուգահեռ գոյություն ունեն տարբեր հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք զբաղվում են այն բաներով, որոնցով, ըստ էության, պետք է զբաղվեն նախարարությունները, պետական ապարատը։
Փաշինյանը մատնանշել է, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, և կայունությունը երբեք չի խախտվել: Նա նկատել է, որ այս առումով նա պիտի հիասթափեցնի բոլորին, քանի որ Հայաստանում միապետեր այլևս չեն լինելու։ Առաջիկա արտահերթ ընտրություններում իշխանության է գալու նա՝ ում ընտրի ժողովուրդը: Դա է լինելու միակ՝ իր խոստացած կայունությունը, ասել է կառավարության ղեկավարը:
«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը մտահոգություն է հայտնել, որ ամեն ոք, ով սոցիալական ցանցերում քննադատում է ներկայիս կառավարությանը՝ դառնում է ժողովրդի թշնամին: Գործարարը նաև նշել է, որ երբ նա հայրենիք է գնում, իր ծանոթներից ոմանք անգամ անհանգստանում են իր վիճակի մասին միայն այն պատճառով, որ Թովմասյանն ընկերություն է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Բացառում եմ, որ Հայաստանում ատելության մթնոլորտ կլինի: Ես ձեր ահազանգն ի գիտություն եմ ընդունում»: Պետք է բացառել «մերոնքականների» և «ձերոնքականների» բաժանելը», - պատասխանել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են լսել հայ գործարարների բոլոր առաջարկները և ցանկանում են աշխատել նրանց հետ: Ավելին, նա առաջարկել է արդեն այս ձմռանն անցկացնել «Հայկական Դավոս» (հայ ձեռնարկատերերի ֆորում) Ծաղկաձորում և Ջերմուկում :

 

Հեղինակային հոդված