Բավ է պառակտվել
13-01-2021 16:12

Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, այդտեղ ՀՀ անվտանգությունը պետք է ապահովվի․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ “հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ է կրել”, հավելելով, որ պետք է քննարկել այն միջոցառումները, որ “իրականացվում են Սյունիքի հատվածում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար”, մինչ այժմ իրականացված աշխատանքները և դրանք շարունակելւ ուղղությունները:

Նա կարևորել է սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն և բնապահպանական խնդիրները։
“Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, և մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում Հայաստանի

Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար՝ ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ հանրապետության տարածքում, բայց Սյունիքն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն: Նաև պետք է քննարկենք, թե ինչ սոցիալական և տնտեսական ծրագրեր ենք իրականացնելու այն համայնքներում, որոնք սահմանային նոր կարգավիճակ են ստացել՝ ըստ էության, հայտնվել են սահմանային բնակավայրերի կարգավիճակում: Եվ այսօր կկայացնենք որոշումներ, ձեռք կբերենք պայմանավորվածություններ և կպայմանավորվենք նաև դրանց հետագա իրականացման ընթացքի վերաբերյալ”,-ասել է Փաշինյանը:

Վարչապետին զեկուցվել է Սյունիքի սահմանամերձ համայնքների և ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման գործընթացի և հարակից այլ խնդիրների լուծման ընթացքի մասին:

Արձանագրվել են ընթացիկ արդյունքները, քննարկվել են դեռևս առկա խնդիրների հնարավոր լուծումները և հետագա անելիքները՝ ճանապարհային, հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և այլ ուղղություններով:
Վարչապետը հանձնարարել է գործընթացում ներգրավված պատասխանատու մարմիններին՝ արդեն իսկ ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաև խնդիրների գույքագրման և լուծման աշխատանքները շարունակել միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, որն օպերատիվորեն կարձանագրի պրոբլեմները և լուծումներ կառաջարկի։