Բավ է պառակտվել
03-12-2020 19:02

«Այս ձևով ուղղակի փորձ է արվում համալսարանները դարձնել կառավարելի». Կառավարության նիստում չզեկուցված հարցի հետքերով

Այսօր Կառավարության նիստի օրակարգում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, ընդունվեց նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:

Հաշվի առնելով նախագծում առկա վիճահարույց դրույթը, որով փորձ է արվում ոլորտն առավելապես կառավարելի դարձնել, սա, թերևս, կարելի է համարել նաև նորանշանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հավատարմության ուխտը վարչապետին:

Այսպիսով նախագծի 39-րդ հոդվածի Անցումային դրույթներ բաժնի 13-րդ կետը սահմանում է. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի, տնօրենի նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 24-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև 24-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերի, 31-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջները չեն կիրառվում»:

Այս կետը փաստում է, որ բուհերը ոչ միայն անկախ չեն դառնում, այլև օրենքով դառնում են կախյալ. կարճ ասած՝ իշխանությունների հերթական խոստման հերթական հերքումն է:

Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ահազանգելով նախագծի խութերի մասին, գրել է.

«Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։ Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլև հակասահմանադրական։

Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից»։

Նկատենք՝ Արմեն Աշոտյանի արձագանքից անմիջապես հետո, զեկուցվող նախագիծը համակարգչի ստեղնի մեկ հարվածով դարձել էր չզեկուցվող. ինչ խոսք, հետաքրքիր մեկնարկ է:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ այս պահին դեռ ժամանակը չէր սույն օրենքը կառավարություն տանելը՝ նկատելով, որ նախագծի նախկին տարբերակը, որը դեռ այս տարվա սկզբին քննարկվել էր, բավականին խնդրահարույց էր. «Ճիշտ կլիներ մինչև կառավարություն տանելը՝ համապատասխան մարմինների հետ քննարկում արվեր՝ այսինքն՝ ԳԱԱ, Բուհական համակարգ: Հիմա այս ձևով այդ օրենքն առաջ տանելը, այն էլ՝ այս իրավիճակում, կարծում եմ, որ ընդունելի չէ:

Այս օրենքը հունվար-փետրվարին քննարկվեց. հանրային քննարկում եղավ, հետո ԱԺ-ում եղան լսումներ, ու պետք է փոխեին, որովհետև շատ լուրջ առարկություններ կային՝ հատկապես կրթության և գիտության միավորման հետ կապված: Հիմա՝ ուղղակի պահն օգտագործվում է ինչ-որ բան անելու համար, բայց դա ճիշտ չէ. պետք է տեսնեինք՝ ինչ եղավ՝ որն ընդունվեց, որը չընդունվեց: Այսինքն՝ այս ձևով, կարծում եմ, ուղղակի փորձ է արվում համալսարանները դարձնել կառավարելի»:

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն էլ նկատում է. «Քանի որ բուհերը տարիներ շարունակ քաղաքականացված են, ապա այս օրենքը չի բերի լրացուցիչ քաղաքականացման, բայց կբերի քաղաքական հայացքների բախման»:

Հարցին, թե ինչո՞վ պայմանավորված՝ նա նշեց. «Որովհետև ռեկտորը ընդունելի չի լինի կոլեկտիվի կողմից»: