Բավ է պառակտվել
15-11-2019 17:46

Տպավորություն է, որ մտածում են ՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք» Վազգեն Մանուկյանը


Մարզահամերգային համալիրում տրվեց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համագումարը: Ակումբի նախագահ, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից երկու օր առաջ հրաժարական տված Վազգեն Մանուկյանն է։ Համաժողովի բացմանը Վազգեն Մանուկյանը ասաց, որ ակումբում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ:
««Վերնատուն» ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրերը, քանի որ այն ապաքաղաքական կառույց է։ Իսկ այսօր Հայաստանում անմակարդակ դիկտատուրա է ձևավորվում, և մենք պետք է կարողանանք թույլ չտալ դա»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Վերջինս անդրադարձ կատարեց արցախյան հիմնախնդրին, ասելով, որ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են։ Եվ այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք։ Խոսելով վարչապետի հայտարարության մասին, այն է, որ արցախյան հիմնահարցի լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին՝ Մանուկյանը ասաց, որ առաջին անգամ նման արտահայտություն ասել է Գորբաչովը։
«Այո, սա շատ գեղեցիկ նախադասություն է, որի տակ որևէ քաղաքական կամ ազգային միտք չկա», - շեշտեց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդները պետք է հասկանան՝ ինչ են ուզում և պրագմատիկ քայլերով հասնեն դրան։
«Պետք է համախմբվել ոչ թե ինչ-որ անձի կամ քաղաքական ուժի շուրջ կամ դեմ, այլ համախմբվել որոշակի գաղափարական հենքի շուրջ, որպեսզի պետությունն իսկապես պատկանի ժողովրդին», - ամփոփեց խոսքը Վազգեն Մանուկյանը։ Հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ներկա էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը,ով ասաց, որ նախկին, ավանդական դարձած վտանգներին ավելացել են տարածաշրջանային, նոր որակի վտանգներ։
Շահնազարյանի խոսքով ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել ենք մինչև 2018 թվականի մայիս ամիսը, այլ նոր կետից է սկսում:
«Ամենավառ ապացույցն այն է, որ Բաքուն հայտարարում է, թե կա փաստաթուղթ, Հայաստանն ասում է՝ չկա: Ակնհայտ է, որ այս վիճակի պատասխանատուն մենք ենք, քանի որ էապես փոխվել է իրավիճակը, որ կար: Հիմա արդեն միջազգային հանրությունն ու Ադրբեջանն են մի դիրքում, իսկ Հայաստանը՝ մեկ այլ դիրքում: Սա մեծագույն վտանգ է մեզ համար», - ասաց Շահնազարյանը:

Այսպես շարունակվելու դեպքում, ըստ Դավիթ Շահնազարյանի, միջազգային որևէ համաժողովում սեղանին կդրվի մի փաստաթուղթ, որը հայկական կողմի համար անընդունելի կլինի, և առավելագույնը, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա անել, վետո դնելն է:
«Պետք է բացառել այդ սկզբունքին ոչ թե հակասող, այլ ստվեր գցող որևէ հայտարարություն: Կարևորագույն խնդիր է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսի: Սա պետք է համարենք համահայկական խնդիր: Պետք է բացառենք բանակցային սեղանին որևէ փաստաթղթի քննարկում, որում ամրագրված չէ, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է միջազգային իրավունքի սուբյեկտ», - հայտարարարեց Դավիթ Շահնազարյանը:

 

Արմինե Գևորգյան