Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին զարմանք է հայտնել, թե ինչպես է Թուրքիան ներքաշվել Սիրիայում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված իրավիճակում:
Tasnim-ին տված հարցազրույցում Վելայաթին նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ զարմացրել է իրեն՝ հատկապես հաշվի առնելով, որ այն իրականացվում է «մուսուլման թուրք ժողովրդի անունից, որը հայտնի է իսլամի պաշտպանությանը նվիրվածությամբ»։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ով հետախուզության ու արտաքին քաղաքականության զգալի փորձ ունի, պետք է ավելի տեղեկացված որոշումներ կայացներ այս հարցում։
«Մենք չէինք սպասում, որ Թուրքիան՝ իր իսլամական ժառանգությամբ, կարող է ընկնել Սիրիայում ԱՄՆ-ի և սիոնիստների ստեղծած ծուղակը»,- ասել է Վելայաթին։
Խորհրդականը հիշեց նաև պատմական մի դրվագ, երբ սիոնիստները անցյալ դարասկզբին դիմել են Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլհամիդին՝ Պաղեստինը վաճառելու խնդրանքով, ինչը մերժվել է։ Այնուհետև Աբդուլհամիդը հայտարարեց, որ դա անհնար է, համեմատելով Պաղեստինը կենդանի մարդու հետ, որը չի կարող «մասնատվել»: Վելայաթին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Սիրիայի կառավարությանը մինչև վերջ։
Նրա խոսքով՝ այժմ սիրիական կողմում ավելի շատ դաշնակիցներ կան, քան 2011 թվականին, երբ սկսվեց պատերազմը։ Նրանց թվում են Իրանը, Ռուսաստանը, լիբանանյան Հեզբոլլահը, իրաքյան Հաշդ ալ-Շաաբին, ինչպես նաև Եմենի հութիներն ու պաղեստինցիները, որոնք միասին հանդես են գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և նրա կառավարությանն աջակցելու օգտին:
Վելայաթին դիմել է նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիշեցնելով դեմոկրատական նախորդ վարչակազմի ձախողումները, որոնք, նրա կարծիքով, միայն սրեցին համաշխարհային հակամարտությունները՝ դրանք լուծելու փոխարեն։ Նա Թրամփին խորհուրդ է տվել հաշվի առնել իր առաջին ժամկետի դասերը և գործել ավելի զգույշ, քանի որ ներկայիս միջազգային միջավայրն էլ ավելի է բարդացել։ «Ոչ մի ինքնիշխան պետություն չի ենթարկվի ահաբեկման կամ սպառնալիքի»,- ընդգծել է Վելայաթին։