Թբիլիսին և Երևանը աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չորեքշաբթի Թբիլիսիում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, Երևանն ու Թբիլիսին ունեն առանձնահատուկ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, որոնք ունեն դարավոր պատմություն։
Դարչիաշվիլին վստահություն է հայտնել, որ Միրզոյանի այցը Վրաստան նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
«Հարկ է նշել, որ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է հասել։ Այս նոր փուլը շրջադարձային է դարձել մեր բազմակողմ համագործակցության մեջ»,- ընդգծել է Դարչիաշվիլին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի օգտին քվեարկելու համար, որը հաստատում է բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների՝ Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը։
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր։
Նա հավելեց, որ Հայաստանը Վրաստանի տասը խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկն է, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ երեք առաջատարներից։
